Առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Մայիսի 7-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՆԳՆ-ից:
ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։
Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են ավելի քանի 170 փրկարարներ, այդ թվում՝ ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 150 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։
Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։
«Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- տեղեկացրեց ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը:
Կարծիքներ