Բելառուսում մարտական ​​պատրաստության հանկարծակի ստուգում է. ՌԴ ՊՆ-ն ուղարկել է դեսանտայինների ստորաբաժանում

Բելառուսում մարտական ​​պատրաստության հանկարծակի ստուգում է. ՌԴ ՊՆ-ն ուղարկել է դեսանտայինների ստորաբաժանում

Ռուսաստանը դեսանտայինների ստորաբաժանում է ուղարկել Բելառուսի Գրոդնոյի շրջան՝ համատեղ վարժանքներ անցկացնելու համար։ Այս մասին ուրբաթ հայտնել են ՌԴ ՊՆ-ից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նոյեմբերի 12-ին, օդադեսանտային ուժերի մարտական պատրաստության անսպասելի ստուգման շրջանակում, ռուս դեսանտայինների ստորաբաժանումը գործնական վայրէջք կիրականացնի Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի շրջանի անծանոթ հարթակում և Բելառուսի զինված ուժերի ստորաբաժանումների հետ կմասնակցի համատեղ մարտավարական զորավարժություններին»,- հայտնել են ռազմական գերատեսչությունում։

Բելառուսի պաշտպանության նախարարության տվյալներով՝ սա արվում է ստուգելու համար «Միութենական պետական արձագանքման ուժերի բաղադրիչներից մեկը» և կապված է հանրապետության պետական սահմանի մոտ ռազմական գործողությունների ավելացման հետ։

Հիշեցնենք, որ նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջոցով այդ երկրի պաշտպանության նախարարությանը խնդրել է միանալ Բելառուսի և Միութենական պետության սահմաններին պարեկությանը։ 

«Նրանք (ռուսական բանակը) ռազմավարական ռմբակոծիչներ են ուղարկել այստեղ՝ մեր կործանիչների ուղեկցությամբ։ Պետք է անընդհատ վերահսկել իրավիճակը սահմանին. թող ծվծվան ու գոռան։ Այո, դրանք ռմբակոծիչներ են, որոնք ընդունակ են միջուկային զենք կրել։ Բայց մենք այլ ելք չունենք։ Պետք է տեսնել, թե ինչ են անում նրանք սահմանից այն կողմ»,- ասել էր պետության ղեկավարը։

Ռուսական ռմբակոծիչները կպարեկեն Բելառուսի սահմանը Ուկրաինայի, Լեհաստանի և Բալթյան երկրների հետ՝ կիսաշրջան կազմելով Գոմելից մինչև Պոստավ։ Լուկաշենկոյի խոսքով՝ «իրավիճակը լուրջ է» սահմանի ամբողջ երկայնքով։

«Նրանք հեռացել են պայմանավորվածություններից. մենք չգիտենք, թե նրանք ինչ են ուզում: Ռուսնե՛ր, բելառուսնե՛ր, մենք միասին պետք է վերահսկենք այս իրավիճակը»,- ասել էր Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը մտահոգված է դեպի երկրի արևմտյան սահման զինված ուժերի շարժմամբ։ Նա սահմանապահներին և Պետական անվտանգության կոմիտեին հանձնարարել է վերահսկողություն ապահովել Լեհաստանի և ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի տեղաշարժի նկատմամբ։

«Դուք տեսնում եք արդեն 15 հազար զինվորականներ (լեհ զինվորականներ Բելառուսի հետ սահմանին), տանկեր, զրահատեխնիկա, ուղղաթիռներ, թռչում են ինքնաթիռներով»,- նախարարների խորհրդում նշել էր Լուկաշենկոն։

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր միգրանտներին զենքի միտումնավոր փոխանցման մասին՝ Լեհաստանի և Բելառուսի միջև հակամարտություն հրահրելու համար։ Նախագահը նշել է, որ սահմանին հավաքված միգրանտները ռազմական գործողությունների փորձ ունեցող մարդիկ են։ Եթե զենք ունեն, ապա դրա կիրառման հետ կապված ցանկացած միջադեպ կարող է կայծ լինել ռազմական առճակատման մեկնարկի համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում