Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում

Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ից:

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-13:00-ը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 13:00-13:30-ը՝ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում (հասցե՝ Մոսկովյան 3):

Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում. հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին:

Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականի փետրվարի 11-ին Գանձակում՝ արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։

Մասնակցել է մրցումների աշխարհի 49 երկրում, նվաճել է 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։

Ալբերտ Ազարյանը Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահն էր: Վախճանվել է 2023 թվականի սեպտեմբերի 5-ին՝ 94 տարեկանում:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հայ մեծանուն մարմնամարզիկ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում