«Ոսկե ծիրանն» ամփոփել է փառատոնի արդյունքները
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որը 2021-ին անցկացվեց հոկտեմբերի 3-10-ը, ցուցադրվել է ավելի քան 60 կինոնկար: Փառատոնն իր հարկի տակ է համախմբել ավելի քան 50 հյուրի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի ժյուրիի անդամները նշեցին՝ գոհ են ներկայացված ֆիլմերից, փառատոնի լավ կազմակերպված լինելուց, շեշտեցին՝ իրենց համար շատ դժվար է եղել ընտրություն կատարելը, քանի որ բոլոր կինոնկարները բարձրորակ էին: Նրանք խոստովանեցին՝ մեծ բավականություն են ստացել ոչ միայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասը կազմելուց, այլև Երևանում հյուրընկալվելուց, քանի որ քաղաքն ուրախ է և ջերմ:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի անդամ, Կրակովի միջազգային կինոփառատոնի տնօրեն Քշիշտոֆ Գերատի համոզմամբ՝ ծրագիրն ուժեղ էր: «Կար տասը ֆիլմ, որոնցից առնվազն հինգը կարող էին հաղթել: Առաջին մրցանակին արժանացավ Հնդկաստանի ֆիլմը, իսկ երկրորդ մրցանակը վավերագրական կինոնկարը շահեց: Մրցութային ֆիլմերը լուրջ պատմություններ էին ու կարևոր սոցիալական խնդիրներ էին բարձրաձայնում»,- շեշտեց նա՝ հավելելով, որ «Ոսկե ծիրանից» հետաքրքիր ու գեղեցիկ գաղափարներ կարելի է տանել:
Փառատոնն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Կարծիքներ