ԶԼՄ պնդումը, թե «թոշակառուներին քցեցին 30 000 դրամով» ակնհայտ կեղծիք է․ Կոստանյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հրապարակը» հերթական մանիպուլյատիվ հոդվածն է հրապարակել՝ այս անգամ չխորշելով թիրախավորել անգամ մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ նրանց փորձելով դնել շփոթության մեջ՝ մի քանի դրվագով ակնհայտ սուտ ու կեղծիք տարածելով։ Ամենամեծ սուտը, սակայն, վերաբերում է մեր մոտ 58 000 այն քաղաքացիներին, որոնք այսօր իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանում են կանխիկ եղանակով։ Ապրիլի 1-ից բոլոր տեսակի կենսաթոշակները և նպաստները վճարվելու են անկանխիկ, բայց մեր քաղաքացիները այսօր էլ հնարավորություն ունեն դիմել և անցնել անկանխիկ վճարման եղանակի՝ սկսելով օգտվել նաև հետվճարի ծրագրից։
Ուստի հոդվածի վերնագրում նշված պնդումը, թե «թոշակառուներին քցեցին 30 000 դրամով» ակնհայտ կեղծիք է, քանի որ մեր քաղաքացիները կարող են չսպասել ապրիլի 1-ին և այսօր էլ անցում կատարելով անկանխիկ վճարման տարբերակին՝ սկսել օգտվել սեփական կենսաթոշակը կամ նպաստը ամսական մինչև 10 000 դրամ բարձրացնելու հնարավորությունից։



Կարծիքներ