Ռուս-ուկրաինական բանակցություններում տեխնիկական դադար է
Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցություններում տեխնիկական դադարը կտևի մինչև վաղը՝ մարտի 15-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը:
«Մինչև վաղը բանակցություններում տեխնիկական դադար է վերցվել լրացուցիչ աշխատանքի և առանձին հստակեցումների համար: Բանակցությունները շարունակվում են»,-նշել է Պոդոլյակը:
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները կայացել են երկուշաբթի առցանց ձևաչափով: Մարտի 12-ին Պոդոլյակը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում ստեղծվել են հատուկ աշխատանքային ենթախմբեր:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել էր հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ Դոնբասի ժողովրդական հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում: ԱՄՆ-ն ու եվրոպական մի շաք երկրներ սահմանել են պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս հանդես է գալիս պատասխան պատժամիջոցներով:
Կարծիքներ