Ռուս խաղաղապահներով առաջին ինքնաթիռը վայէջք է կատարել Հայաստանում. ՌԴ-ն հայտնել է առնվազն 22 ինքնաթիռ ԼՂ ուղարկելու մասին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղ կուղարկի առնվազն 22 Իլ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության վերահսկողության ազգային կենտրոնի հրապարակված տեսանյութին։
Տեսանյութից պարզ է դառնում, որ 11 ինքնաթիռ այս պահին ՀՀ-ի ճանապարհին են, մինչդեռ ևս 11-ը բեռնված սպասում են թռիչքին։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, առաջին Իլ-76 ինքնաթիռը, որում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունն էր, արդեն իսկ ժամանել է Հայաստան։
«Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության սպաներին տեղափոխող Իլ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Էրեբունի օդանավակայանում։ Ներկա պահին ընթանում են ռազմական տրանսպորտային ավիացիայի՝ 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումներին տեղափոխող ինքնաթիռների ընդունման նախապատրաստական աշխատանքները», - հայտնել է ՌԴ ռազմական գերատեսչությունը։
ՌԴ ՊՆ-ում շեշտել են, որ ընդհանուր առմամբ խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղ է մեկնելու 1960 զինծառայող, ինչպես նաև 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:
Կարծիքներ