Հայաստանի մարզերում բնակվող ավելի քան 17 հազար տեղահանված քաղաքացիների աջակցություն է տրամադրվում

Հայաստանի մարզերում բնակվող ավելի քան 17 հազար տեղահանված քաղաքացիների աջակցություն է տրամադրվում

REACT-ը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մարզերում բնակվող ավելի քան 17 հազար տեղահանված քաղաքացիների։ Այս մասին հայտնում են «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունից:

Այս ծրագրի շրջանակում կոնսորցիումն աշխատում է Հայաստանի բոլոր մարզերում՝ արձագանքելով ինտեգրման և հումանիտար աջակցության առանցքային հարցերին։ Ծրագրի իրականացման ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 2,5 եվրոյին համարժեք դրամ։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն շրջակա միջավայրի համար անվնաս վառելանյութ (բրիկետ) է տրամադրում Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի ու Վայոց ձորի մարզերում բնակվող տեղահանված 500 ամենախոցելի ընտանիքներին, իսկ շուրջ 2000 ընտանիքի ապահովում է կոմունալ վճարումներով։  Օգնություն ստացողների ընտրությունն ու նույնականացումն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ։ Շահառուների ընտրությունը կատարվում է կարիքի գնահատման և սահմանված խոցելիության չափանիշների համապատասխանության հիման վրա։

Տեղահանված անձանց զբաղվածության և հասարակության մեջ բարեհաջող ինտեգրման նպատակով «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն իրականացնում է մասնագիտական կրթության դասընթացներ ծրագրավորման, հրուշակեղենի պատրաստման, կարի, վարսահարդարման և այլ ոլորտներում։ Ծրագրի շրջանակում 1500 շահառու մասնագիտական խորհրդատվություն կստանա մասնագիտական փորձի կարիքները բացահայտելու և համապատասխան հմտությունների վերաբերյալ առաջարկությունների առնչությամբ, ինչպիսիք են՝ ինքնակենսագրական կազմելը, կապեր հաստատելը, խորհրդատվությունն ու հարցազրույցների անցկացումը։ Բացի այդ՝ 1000 շահառու կմասնակցի մասնագիտական դասընթացների, իսկ դասընթացները լավագույնս յուրացրած անձանցից 700-ը կստանա համապատասխան մասնագիտական գործիքներ՝ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար։ 

«Հակամարտությունից ավելի քան մեկ տարի անց տուժած մարդիկ դեռ ծայրահեղ խոցելի վիճակում են և միջոցներ են փնտրում իրենց ընտանիքներին առողջ ու տաք պայմաններ ապահովելու համար։ Ցուրտ ձմռան ու համաճարակի պատճառով էլ ավելի է սրվում աղետալի իրավիճակը։ ԵՄ-ն օգնություն է տրամադրում հակամարտությունից տուժած ամենախոցելի բնակչությանը՝ ձմռան ցուրտը հաղթահարելու համար», - նշում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ի վեր՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն աջակցություն է տրամադրում հազարավոր մարդկանց, որոնք տեղափոխվել են Հայաստան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ 2020 թվականին «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Եվրոպական միության հումանիտար աջակցության շնորհիվ շրջակա միջավայրի համար անվնաս վառելանյութ (բրիկետ) է տրամադրել տեղահանված 500 ընտանիքի և ավելի քան 4200 ընտանիքի էլ օգնել է կոմունալ վճարումների հարցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում