Առանց սիգարետի․ մայիսի 31-ը՝ ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր
Այսօր մայիսի 31-ն է՝ առանց ծխախոտի համաշխարհային օրը։ Շատ երկրներում հակածխախոտային միջոցառումներ են անցկացվում՝ ևս մեկ անգամ ծխողներին հիշեցնելու համար, թե ինչ վնասներ ունեն սիգարետն ու դրա ծուխը։ Աշխարհում կա մոտ մեկ միլիարդ ծխող։ Հայաստանում ըստ պաշտոնական տեղեկատվության ծխում էբնակչության մոտ 52%-ը։ Հոդվածում փորձել ենք հասկանալ՝ ինչու է ծխելը վտանգավոր ու ինչպես ազատվել վնասակար այդ սովորությունից։
Ինչու՞ է ծխելը վնասակար․
Վաղուց արդեն նորություն չէ, որ ծխելը վնասակար է առողջությանը։ Իսկ ինչու՞, ինչի՞ արդյունքում են առաջանում քաղցկեղն ու այլ հիվանդությունները։ Այս հարցին հնարավոր եղավ պատասխանել միայն վերջին տարիներին, երբ զարգացավ համակարգային տոքսիկոլոգիան։ Այն թույլ տվեց բջջի մակարդակով ուսումնասիրել, թե ինչ է կատարվում մարդու հետ, երբ նա ծխում է։ Պարզվեց, որ հիվանդությունների առաջացման պատճառը նիկոտինը չէ, ինչպես ընդունված էր մտածել երկար տարիներ։ Մարդիկ ծխում են նիկոտինի համար, բայց մահանում են ծխից։ Հենց սիգարետի ծխում առկա թունավոր նյութերն են առաջացնում քաղցկեղն ու մյուս հիվանդությունները։ Շմոլ գազը, ակրոլեինը, ացետալդեհիդը, բենզոլը սիգարետի ծխում առկա վնասակար մոտ 100 նյութերից միայն մի քանիսն են։
Ի՞նչ է երկրորդային ծուխն ու արդյո՞ք այն նույնպես վնասակար է․
Պատկերացրեք՝ կանգնած եք խորովածի կրակի կողքին։ Անկախ նրանից՝ ով է պատրաստում այդ խորովածն ու ով է վառել այդ խարույկը, դրա ծուխը վնասակար է շրջապատի բոլոր մարդկանց համար։ Նույնը սիգարետի ծուխն է․ երբ սիգարետն այրում է, առաջնային ծուխը ներքաշում է ծխողը․ ֆիլտրի միջով անցնելիս, այն հայտնվում է մարդու թոքերում։ Բայց սիգարետի այրվող ծայրը նույնպես ծուխ է արտազատում, իսկ դրա հետ՝ խեժ ու այլ թունավոր նյութեր։ Հենց այդ ծուխն է կոչվում երկրորդային․ սիգարետ ծխում է ուրիշը, իսկ երկրորդային ծուխը շնչում եք դուք։ Ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային ծուխը, լինելով այրման արդյունքում առաջացած միացություն, իր մեջ պարունակում է բոլոր վնասակար այն նյութերը, որ կան առաջնային ծխում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սիգարետի պատճառած 8 մահից մեկը գրանցվում է չծխողի մոտ։
Ի՞նչ անել, եթե թողնել չի ստացվում․
Չնայած վերջին տարիների հակածխախոտային ակտիվ պայքարին, ծխելու հետևանքով արձանագրվող մահերի չնվազող վիճակագրությանն ու հարազատների հորդորներին, ծխողների մեծամասնությունը շարունակում է ծխել։ Թերևս, սա նշանակում է, որ հակածխախոտային պայքարի մեթոդներն ու գործիքակազմը արդյունավետ չեն այնքանով, որ կարողանան ծխողներին օգնել հրաժարվել վնասակար այդ սովորությունից։ Քանի որ նիկոտինը կախվածություն է առաջացնում, ժամանակի ընթացքում ստեղծվեցին արտադրատեսակներ, որոնք օգնում են ծխելը թողնել։ Դրանցից են նիկոտինային մաստակը և սպեղանին (пластырь): Այս արտադրատեսակները վաճառվում են դեղատներում ու նշանակվում են բժիշկների կողմից։ Դրանք նիկոտինը մատակարարում են առանց այրման, հետևաբար՝ ծխի, մոխրի, խեժի ու վնասակար այլ նյութերի։
Այլընտրանք․ իսկապե՞ս քիչ վնասակար
Մարդիկ ծխում են տարբեր պատճառներով, և նիկոտինը դրանցից միայն մեկն է։ Դա է պատճառը, որ նիկոտինային սպեղանին ու մաստակը միշտ չէ, որ արդյունավետ օգնում են հրաժարվել սիգարետից։ Բացի դրանից, այդ արտադրատեսակների միջոցով ստացված նիկոտինն ուշ է հասնում ուղեղի ընկալիչներին՝ թողնելով ծխողի մոտ նիկոտինային քաղց։ Ժամանակի ընթացքում ստեղծվեցին սարքեր, որոնք շատ նման են սիգարետին ու օգտագործվում են գրեթե նույն ձևով, ինչ սիգարետը։ Այն տարբերությամբ, որ այս սարքերը նույնպես աշխատում են առանց կրակի ու ծխի, իսկ նիկոտինը մատակարարում են գոլորշու միջոցով։ Նոր սերնդի սարքերից են էլեկտրոնային սիգարետը ու ծխախոտը տաքացնող համակարգերը։ ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի վարչության, Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգաին գործակալության, ՌԴ Կազանի ինստիտուտի ու առողջապահական մի շարք այլ կառույցների կողմից անցկացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ այս սարքերը ավելի քիչ վնասակար են, քան սիգարետը։ Հետևաբար, երբ ծխելուց ինքնուրույն հրաժարվելը չի ստացվում, իսկ բժիշկի կողմից դուրս գրված դեղորայքը չի օգնում, կարելի է փորձել փոխարինել սիգարետը նոր սերնդի սարքերով։
Կարծիքներ