Ոչ մի երկրի ինքնիշխան տարածքըչի կարող ուժով փոխվել․ Ալիև

Ոչ մի երկրի ինքնիշխան տարածքըչի կարող ուժով փոխվել․ Ալիև

Պաշտոնական այցով Բաքվում է գտնվում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այսօր տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո ղեկավարները մամուլի համար հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ։ 

Ալիևն իր ելույթում նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը՝ որպես երկու անկախ պետություններ, միշտ միմյանց մետ են եղել։ Նրա խոսքով՝ երկու երկրների բարեկամությունն ու եղբայրությունը հիմնված են պատմական խորը արմատների վրա։ 

«Այսօր երկու երկրներն էլ համատեղ ջանքերով ոչ միայն ապահովում են իրենց տնտեսական զարգացումը, այլև կարևոր երկրներ են դարձել տարածաշրջանի և ավելի լայն իմաստով՝ Եվրասիայի համար։ Այս ամսվա սկզբին Բաքվում անցկացվել է ավանդական Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհուրդը։ Վրաստանն այս միջոցառմանը ներկայացված էր բարձր մակարդակով։ Բոլոր մասնակիցները ևս մեկ անգամ տեսան, որ Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան այստեղ հատուկ դեր են խաղում որպես այս նախագծի նախաձեռնողներ։

Ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով արտահանվում է մի քանի երկրներ։ Ընդհանուր առմամբ՝ ադրբեջանական գազ ստացող երկրների թիվը հասել է ութի, և դա սահմանը չէ։ Մոտ ապագայում այդ երկրների թիվը կավելանա։ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների պահանջարկն աճում է և կշարունակի աճել ամեն տարի։ Մենք լավ գիտենք համաշխարհային շուկաների առանձնահատկությունները, մենք լավ գիտենք, որ ադրբեջանական գազի պահանջարկը եվրոպական մայրցամաքում տարեցտարի ավելանալու է։ Մենք ունենք նաև ռեսուրսներ, ներդրումների ֆինանսական հնարավորություններ, այնպիսի վստահելի բարեկամներ, ինչպիսին Վրաստանն է, և լայն տարանցիկ հնարավորություններ։ Այս դեպքում մեր էներգետիկ նախագծերը կշարունակեն ապահովել բազմաթիվ երկրների էներգետիկ անվտանգությունը։ Վրաստանն ու Ադրբեջանը այստեղ հանդես են գալիս որպես երկու վստահելի գործընկերներ»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է արդեն մոտ 900 մլն դոլարի։ Նա նշել է, որ ադրբեջանցի ներդրողները Վրաստանի տնտեսության մեջ ներդրել են 3,4 մլրդ դոլար և որ դրա հիմնական պատճառը հիանալի ներդրումային միջավայրն է։

«Այսօր մենք կրկին փոխադարձ աջակցություն հայտնեցինք մեր երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, և ես ուզում եմ դա կրկին ասել այսօր մամուլի առջև։ Մենք միշտ հանդես ենք եկել միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության աջակցությամբ։ Ոչ մի երկրի ինքնիշխան տարածք չի կարող ուժով փոխվել. միջազգային իրավունքը պետք է լինի յուրաքանչյուր երկրի հիմքը, և խտրականություն չի կարող լինել։ Ադրբեջանը, որպես իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնած երկիր, լավ գիտի, որ միջազգային իրավունքը որոշ դեպքերում վերականգնվում է ուժի կիրառմամբ։ Այս ճանապարհը նույնպես լիովին օրինական է։ ՄԱԿ-ի կանոնադրությունը ճանաչում է յուրաքանչյուր երկրի ինքնապաշտպանության իրավունքը, և Ադրբեջանը, օգտվելով այդ իրավունքից, վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»,- նշել է Ալիևը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, իր հերթին, հայտարարել է, որ Թբիլիսին և Բաքուն ապագայի համար մեծ ծրագրեր ունեն և նախատեսում են մի շարք նախագծեր իրականացնել։

«Մեր երկրների միջև գործընկերությունն ու բարեկամությունը չափազանց կարևոր են գլոբալ համատեքստում: Վրաստանը փորձում է հնարավորինս նպաստել տարածաշրջանի կայունությանը և կշարունակի դա անել ապագայում: Կան մի շարք նախագծեր, որոնք ռազմավարական նշանակություն ունեն: Մենք ապագայի համար շատ մեծ ծրագրեր ունենք»,- նշել է Կոբախիձեն:

Նա հավելել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը ներկայումս ունեն տնտեսական և քաղաքական համագործակցության բարձր մակարդակ: Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը միշտ աջակցել է Ադրբեջանի ինքնիշխանությանը և ամբողջականությանը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում