ԱՄՆ-ն Ռուսաստանին տեղեկացրել է բելառուսա-լեհական սահմանին տիրող ճգնաժամի մասին․ Բայդեն
ԱՄՆ իշխանությունները Մոսկվայի և Մինսկի ուշադրությանն են ներկայացրել իրենց մտահոգությունը բելառուսա-լեհական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Վաշինգտոնից մեկնելուց առաջ՝ Քեմփ Դեյվիդ (Մերիլենդ) իր նստավայր։
«Սա մեծ անհանգստություն է առաջացնում: Մենք մեր մտահոգությունը հայտնել ենք Ռուսաստանին: Մենք մեր մտահոգությունը հայտնել ենք Բելառուսին: Մենք կարծում ենք, որ դա խնդիր է»,- նախագահի խոսքերը մեջբերել է մամուլի ծառայությունը։
Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի հետ Բելառուսի սահմանին ճգնաժամը, որտեղ տարեսկզբից ներգաղթյալներ են շտապել, կտրուկ սրվել է նոյեմբերի 8-ին։ Մի քանի հազար մարդ բելառուսական կողմից եկել է Լեհաստանի սահման ու չի լքել սահմանային գոտին, նրանցից ոմանք փորձել են մտնել Լեհաստանի տարածք՝ կոտրելով փշալարը։ ԵՄ երկրները մեղադրում են Մինսկին ճգնաժամի միտումնավոր սրման մեջ և կոչ են անում պատժամիջոցներ սահմանել։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում մեղավոր են հենց արևմտյան երկրները, որոնց գործողությունների պատճառով մարդիկ փախչում են պատերազմից։
Կարծիքներ