Միրզոյանը վրաց գործընկերոջն առաջարկել է ՀՀ կառավարության աջակցությունն աղետի դեմ պայքարի և հետևանքների վերացման հարցում
Օգոստոսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ։
Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը, Վրաստանի կառավարությանն ու բարեկամ վրաց ժողովրդին Ռաչայի շրջանում սողանքների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
Նախարար Միրզոյանն առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունն աղետի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման հարցում:
Հիշեցնենք՝ Վրաստանի Շովի հանգստավայրում երեկ՝ օգոստոսի 3-ին, սողանքի հետևանքով «Սանսեթ Շովի» հյուրանոցի տարածքում հողի տակ էր հայտնվել 16 մարդ, այդ թվում՝ 6 երեխա։
Արտակարգ պատահարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ 30-ից ավելի մարդ անհետ կորած է համարվում: Աղետի գոտում հայտնված ավելի քան 200 մարդ տարհանվել է: Մի շարք կամուրջներ և ճանապարհներ անցել են ջրի տակ:
Կարծիքներ