Պետությունը շուրջ 6 մլրդ դրամ կհատկացնի մարզերի հողօգտագործողներին

Պետությունը շուրջ 6 մլրդ դրամ կհատկացնի մարզերի հողօգտագործողներին

ՀՀ կառավարությունը պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդիա կամ փոխհատուցում կտրամադրի «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման» աջակցության ծրագրի շահառու յուրաքանչյուր հողօգտագործողի: Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից: 

 

«Արագածոտնի մարզի հարգելի՛ հողօգտագործողներ, «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրերից» օգտվելու համար կարող եք ձեր համայնքապետարան ներկայացնել ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի անհրաժեշտ քանակի վերաբերյալ հայտեր։

 

Ծրագրի շահառուներ կարող են դառնալ ցանկացած մակերեսով հողատարածքում մշակություն իրականացնող տնտեսավարողները։ Մատչելի գնով պարարտանյութի գնման գործընթացը մեզ հետ զրույցում պարզաբանել է Արագածոտնի մարզպետարանի գյուղատտնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրի Ազատյանը»,- ասված է հայտարարությունում։

 

Այսպիսով՝ ՀՀ կառավարությունը պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդիա կամ փոխհատուցում կտրամադրի ծրագրի շահառու յուրաքանչյուր հողօգտագործողի։

 

«Ծրագրի շրջանակում պարարտանյութերի վաճառքն իրականացվում է պայմանագրային հիմունքներով։ Հողօգտագործողն այժմ կարող է իր համայնքի ղեկավարին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։ Դրանց հաստատումից հետո շահառուն (հողօգտագործողը) պարարտանյութի ձեռքբերման համար պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով գումարը փոխանցում է մատակարարի հաշվեհամարին և փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը տրամադրում է մատակարարին։ Գործընթացի իրականացման մնացած մասն առաջիկա ամիսներին ապահովում են ծրագրի մյուս մասնակիցները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, մատակարարը, համայնքները։ Ծրագրի կատարման մեկնարկը նախատեսված է մարտի 4-ին»,- ասել է Յուրի Ազատյանը։

 

Նշվում է, որ այս տարի պարարտանյութի նվազագույն շահավետ գներն են. 

 

Ազոտական՝ 1 պարկը (50 կգ)` 19000 դրամ (հողօգտագործողը մատակարարին վճարում է 9500 դրամ, մնացածը մատակարարին է վճարում պետությունը): 

 

Ֆոսֆորական՝ 1 պարկը (50 կգ)՝ 23000 դրամ (հողօգտագործողը մատակարարին վճարում է 11500 դրամ, մնացածը վճարում է պետությունը):

 

Կալիումական՝ 1 պարկը (50 կգ)՝ 23000 դրամ (հողօգտագործողը մատակարարին վճարում է 11500 դրամ, մնացածը վճարում է պետությունը)։

 

Ըստ Արագածոտնի մարզի ներկայացրած պահանջարկի՝ մարզի հողօգտագործողներին 2022թ․ գարնանային գյուղատնտեսական աշխատանքների համար ընդհանուր թվով անհրաժեշտ է 3088 տոննա պարարտանյութ (այդ թվում՝ ազոտական, ֆոսֆորական, կալիումական)։

 

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեից։ 2022թ․ ծրագրի կատարման համար նախատեսվում է բյուջեից շուրջ 6 մլրդ դրամի հատկացում՝ 10 մարզի կարիքները բավարարելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում