Հայաստան-ԵՄ հարաբերություններում Էստոնիան մեր կարևոր գործընկերներից է. Ալեն Սիմոնյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարին

Հայաստան-ԵՄ հարաբերություններում Էստոնիան մեր կարևոր գործընկերներից է. Ալեն Սիմոնյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային:

 

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև վերջին շրջանում ակտիվացած փոխայցերը խթան կհանդիսանան համագործակցության առկա ներուժը լավագույնս իրացնելու համար: Այս համատեքստում անդրադարձ է եղել երկկողմ միջխորհրդարանական կապերին, բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությանը:

 

Ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում Էստոնիան մեր կարևոր գործընկերներից է՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ակնկալում է Էստոնիայի աջակցությունը:

 

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների անհապաղ վերադարձի գործընթացը: Փաստելով, որ Հայաստանն ընտրել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգ՝ Ալեն Սիմոնյանը հյուրին մանրամասնել է խաղաղությանն ուղղված բանակցությունների էությունը:

 

Էստոնիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ այսօր այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իր երկրում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսելու որոշում է կայացրել:

 

Կողմերն անդրադարձել են արտաքին և ներքին քաղաքական մարտահրավերներին, խոսել հայ-էստոնական հարաբերությունների խթանման անհրաժեշտության մասին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում