«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին:
Հիշեցնենք, որ «Youtube» կայք-էջում հրապարակվել էր տեասնյութ՝ «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով, որտեղ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահի կողմից առերևույթ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կոչեր են հնչեցվել:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
Կարծիքներ