Չիլիում զանգվածային անկարգությունների ժամանակ մեկ մարդ է զոհվել
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում կիրակի տեղի ունեցած բողոքի երթն ավարտվել է անկարգություններով, որոնց արդյունքում մեկ մարդ զոհվել է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է BioBioChile ռադիոկայանը :
Ճայթուկներից մեկը, որը երթի մասնակիցները նետել են դեպի ոստիկանները, ընկել է կնոջ վրա: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացած վնասվածքից մահացել է:
Շուրջ 350 հոգու մասնակցությամբ բողոքի ակցիան կոչվել է «Քայլարշավ հանուն մապուչեի դիմադրության եւ ժողովուրդների ինքնավարության»: Ըստ ռադիոկայանի, ոստիկանության հետ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են փակել փողոցներից մեկը:
Մապուչեն Չիլիի բնիկ ժողովուրդներից է: Դրա ներկայացուցիչները պահանջում են հանրապետության կառավարությունից վերադարձնել իրենց նախնիների հողերը իրենց: 2017 թվականի մարդահամարի տվյալներով ՝ երկրի 1,7 միլիոն բնակիչ իրենց դասում է որպես մապուչներ: Նրանք ապրում են հիմնականում Առաուկանիայի աղքատ շրջաններում:
Կարծիքներ