Քննարկվել են մաքսային ոլորտին առնչություն ունեցող ԵՄ հարթակներին Հայաստանի մասնակցության հեռանկարները
ՊԵԿ ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար կազմի և Եվրոպական հանձնաժողովի ԵՄ-ի ոլորտային գլխավոր տնօրինության համապատասխան բաժինների ու ԵՄ անդամ պետության ներկայացուցիչների միջև անցկացվել է մաքսային ոլորտի համագործակցության երկրորդ նիստը՝ հեռավար ձևաչափով:
Նիստի հիմքում Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է: Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող գործընթացները, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող դրույթները, որոնց մասով Եվրոպական միությունը կարող է աջակցություն տրամադրել:
Հանդիպմանը կարևորվել է նաև մաքսանենգության դեմ պայքարը, անդրադարձ է կատարվել շնագիտական կենտրոնների գործունեությանը, հատկապես՝ ԵՄ անդամ երկրներից՝ Լեհաստանի հետ փորձի փոխանակմանը: Կողմերը ներկայացրել են մաքսային օրենսդրությունում վերջին մեկ տարվա ընթացքում կատարված փոփոխությունները:
Անդրադարձ է կատարվել մաքսային ոլորտին առնչություն ունեցող ԵՄ հարթակներին Հայաստանի մասնակցության հեռանկարներին: Նիստի ժամանակ քննարկվել են նաև մաքսային համագործակցության ուղղությամբ ԵՄ տեխնիկական գործիքների օգտագործման հնարավորությունները: Կարևորվել է տարիների ընթացքում Հայաստանին ԵՄ-ի ցուցաբերած աջակցությունը:
Կարծիքներ