Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրը կվերականգնվի

Վանական համալիրի վերակառուցումն իրականացվում է «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերությունների հիմնադիրներ, «Նոա» ֆուտբոլային ակումբի սեփականատերեր Վարդանյան-Մկրտչյան ընտանիքների կողմից:
Խոսելով Սուրբ Սարգիս Վանական համալիրի վերակառուցման գաղափարի մասին՝ գործարար Վարդգես Վարդանյանը նշեց.
«Մարդ, ով երբևէ եղել է Ուշիում և տեսել է այս սրբատեղին, վստահ եմ՝ անտարբեր չէր մնա։ Երբ առաջին անգամ տեսա երբեմնի այս փառահեղ կառույցը, ծանոթացա պատմությանը, հենց այդ պահին արդեն մտածում էի, որ պետք է անել հնարավոր ամեն բան այս համալիրը նորից կանգնուն տեսնելու։ Այն ոչ միայն կրոնական նշանակություն ունի, այլև եղել է կրթության ամրոց։ Պետք է փայփայենք և մեր ունեցած ժառանգությունը փոխանցենք մեր գալիք սերունդներին»։
Նշենք, որ վերակառուցման առաջին փուլով կիրականացվի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը։
Զուգահեռաբար տարվում են Գավթի վերականգնման նախագծային աշխատանքները։ Երրորդ փուլով էլ կվերականգնվի ամբողջ վանական համալիրի տարածքը՝ աշխարհիկ և հոգևոր կառույցներով։ Վերակառուցման աշխատանանքերի ճարտարապետներն են Սամվել Այվազյանն ու Ամիրան Բադիշյանը։
Ապրիլի 20-ին վերակառուցման մեկնարկին ընդառաջ տեղի ունեցավ գոհաբանական աղոթք։
Կարծիքներ