Մոսկվայում հայերի հետ ծեծկռտուք հրահրած 7 ադրբեջանցիներին դատարանը մեղավոր է ճանաչել

Մոսկվայում հայերի հետ ծեծկռտուք հրահրած 7 ադրբեջանցիներին դատարանը մեղավոր է ճանաչել

2020 թվականին Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հինգ ադրբեջանցի  մասնակիցներ դատապարտվել են 2 տարի 8 ամիս ազատազրկման, ևս երկուսը` պայմանական, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Դատարանը Ալակբարով Ե.-ին, Վալիև Բ.-ին, Գամիդով Պ.-ին, Իսմայիլով Թ.-ին, Կաֆարով Ա.-ին մեղավոր է ճանաչել խուլիգանության մեջ և դատապարտել 2 տարի 8 ամիս ազատազրկման Քրեակատարողական հիմնարկում: Գործով ևս երկու մեղադրյալ՝ Զահիդով Մ.-ն և Գիյասով Դ.-ն պայմանական ազատազրկման են դատապարտվել 2 տարի 8 ամիս ժամկետով»,- նշում է գործակալությունը։

 2020 թվականի հուլիսի 24-ի գիշերը ծեծկռտուք էր տեղի ունեցել Մոսկվայի Մարինո թաղամասում։ Հաղորդվում էր, որ ադրբեջանցիները հարձակվել են հայերին պատկանող հաստատությունների վրա: Այդ օրը կոտրվել էին խանութի, սրճարանի, ավտոլվացման կետերի ապակիները, ոստիկանական բաժանմունքներ էին տարվել ծեծկռտուքի ավելի քան 30 մասնակից։ Ավելի ուշ խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել էր 15 մարդ, այդ թվում և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ:

Մոսկվայում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո կալանավորված 8 ՀՀ քաղաքացիներից 7-ի դատավարությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Նիկուլինսկի քաղաքային դատարանում: Մյուսի վերաբերյալ գործը քննվում է առանձին Լյուբերցի մերձմոսկովյան շրջանի դատարանում եւ դեռ գտնվում է նախաքննության փուլում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 7 ՀՀ քաղաքացիների ևս մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու հոդվածով: Նրանք ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը:

Նշենք, որ BMW-ի գործով ևս 8  ադրբեջանցիներ գտնվում են հետախուզման մեջ:

 Հարձակման հետևանքով 1 հայ երիտասարդ մարմնական վնասվածքներ է ստացել, նրան ծեծել են խմբով իր մեքենայի մեջ՝ ջարդուփշուր անելով մեքենան:

Ռուսական տասնյակ լրատվական կայքեր գրել էին տեղի ունեցածի մասին: Միջադեպերին արձագանքել է տեղի ոստիկանությունը, ներառվել էին ռոսգվարդիայի և հատուկ նշանակության ջոկատների ծառայողներ: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 13 ադրբեջանցի էր ձերբակալվել, բերման ենթարկվածների թիվը մի քանի տասնյակ է կազմում:

Ադրբեջանցիները հարձակումներն իրականացրել են պլանավորված, հարձակվել են 10-15 հոգանոց խմբերով առանձին քաղաքացիների վրա, կանգնեցրել են հայկական համարանիշներով մեքենաներն ու սկսել ծեծել վարորդներին, ջարդուփշուր անել մեքենաները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում