Կառավարությունն առաջարկում է հստակեցնել կրթության հիմքով զորակոչից տարկետման վարչարարությունը
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է առանց ընդհատման հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման մասով իրականացվող վարչարարությունը:
Այս մասին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 16-ի նիստում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Օրենքի 22-րդ հոդվածում թվարկվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմքերը` առողջական վիճակը, ընտանեկան պայմանները կամ որոշ այլ հիմքեր»,- նշել է ԿԳՄՍ նախարարը և հավելել` նույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ մասով նաև տարկետում է տրվում Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին:
Այդ տարկետումը տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը: Օրենքում առկա որոշ կետերի համաձայն` վերոնշյալ հիմքերով տարկետումը երկարացնելու կամ տարկետում տալու հնարավորություն կա, եթե անձի 19 տարին արդեն լրացել է, բայց նա դեռևս չի ավարտել դպրոցը, քոլեջը կամ ուսումնարանը, և այդ պարագայում նրան օրենքի ուժով տրվում է տարկետում:
Նախարարի խոսքով՝ ձևակերպումներում կան խնդրահարույց կետեր. «Եթե մենք ունենք դպրոցում սովորող 19 տարին լրացած աշակերտ, որը դեռևս չի ավարտել ուսումնառությունը և զորակոչի համար անցնում է բժշկական զննության անհրաժեշտ փուլերը, օրենքի գործող կարգավորումը չի հստակեցնում հիմքերը: Այսինքն` եթե անձը միաժամանակ ունենում է նաև տարկետում բժշկական հիմքով կամ ընտանեկան վիճակից ելնելով, ապա սա ստեղծում է լրացուցիչ բարդություններ նրա ուսումնառության անընդհատության նպատակով տարկետման որոշման կայացման համար»:
Փոփոխությունների նպատակն է չվտանգել անձի անընդհատ ուսումնառության իրավունքով պայմանավորված տարկետման տրամադրումը` անկախ այն հանգամանքից, թե որ հիմքով է տրվել նախորդ տարկետումը:
Կառավարությունն առաջարկել է նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում: Առաջարկն արժանացել է գլխադասային հանձնաժողովի հավանությանը:
Հանձնաժողովի անդամները կարևորել են նախաձեռնության ընդունումը:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում հարցը ստացել է դրական եզրակացություն:
Կարծիքներ