Հավայան կղզիները պաշտոնապես արգելել են արեւապաշտպան քսուքների վաճառքը
Մարջանի խութերին վնաս հասցնող արեւապաշտպան քսուքների վաճառքն արգելող օրենքն ուժի մեջ է մտել Հավայան նահանգում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Համապատասխան նախաձեռնությունը տեղական օրենսդիրների կողմից հաստատվել էր դեռ 2018-ի մայիսին, իսկ երկու ամիս անց նախագիծը ստորագրեց դեմոկրատ նահանգապետ Դեւիդ Իգեն: «Դա ընդամենը մի փոքր քայլ է դեպի հավայյան մարջանային խութերի պաշտպանությունն ու վերականգնումը»,- նշել էր այն ժամանակ նահանգապետը:
Այսպիսով, 2021 թվականի հունվարի 1-ից Հավայան կղզիները պաշտոնապես դարձել են առաջին նահանգը, որտեղ արգելվում է օքսիբենզոն եւ օկտինոքսանտ քիմիական նյութեր պարունակող արեւապաշտպան քսուքների վաճառքը: Օրենքը պարունակում է մի բացառություն, որը թույլ է տալիս այդպիսի միջոցները վաճառել բժշկի նշանակմամբ:
Հավայան կղզիների իշխանությունները վկայակոչում են գիտնականների այն եզրակացությունները, որոնք պարզել են, որ օքսիբենզոնը եւ օկտինոքսանտը սպառնալիք են մարջանի խութերի համար, որոնք օվկիանոսի էկոհամակարգի կենսական մաս են կազմում եւ բազմաթիվ զբոսաշրջիկների են գրավում դեպի կղզիներ: Այս երկու քիմիական նյութերի ազդեցությունը հանգեցնում է նրան, որ մարջանային խութերը գունաթափվում են, դեֆորմացվում են, փոխվում են դրանց ստեղծող օրգանիզմների ԴՆԹ-ն եւ, ի վերջո, մահանում են: Հատկապես ուժեղ բացասական ազդեցություն քիմիական նյութերն ունենում են երիտասարդ մարջանների վրա:
Չնայած գիտնականների եզրակացություններին՝ նախաձեռնությունը հակառակորդներ ունի: Մասնավորապես, նրանք բողոքում են, որ բավարար հետազոտություն չի արվել, որպեսզի հնարավոր լինի վստահորեն ասել, որ օքսիբենզոնը եւ օկտինոքսանը վնասակար են կրաքարի հանքավայրերի համար:
Տեղական մանրածախ վաճառողներն իրենց հերթին վախենում էին, որ օրինագիծը ստորագրելուց հետո զբոսաշրջիկները կարող են ամբողջությամբ հրաժարվել արեւապաշտպան միջոցների ձեռքբերումից: Սակայն, արտադրողները լսել են բնապահպանների կարծիքը, եւ այժմ ամերիկյան խանութներում կարելի է գտնել արեւապաշտպան միջոցներ, որոնց վրա գրված է. «Անվտանգ է մարջանային խութերի համար»:
Մարջանային խութերը ստորջրյա կամ մասամբ վերջրյա կրաքարային կառույցներ են, որոնք առաջացել են հիմնականում արեւադարձային ծովերի ծանծաղ տարածքներում գաղութային մարջանային պոլիպների կմախքներից: Հավայան կղզիներում մարջանային խութերի ընդհանուր երկարությունը ավելի քան 2000 կմ է, տարածքը՝ ավելի քան 165 000 հա:
Կարծիքներ