Եվրախորհրդարան. ԵԱՀԿ ՄԽ-ն մնում է ղարաբաղյան հակամարտության լուծման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափը
ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է ղարաբաղյան հակամարտության լուծման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափը։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության մասին 2021թ. հաշվետվությունում։
Հաշվետվությունում ընդգծվում է, որ անհրաժեշտ է ընդլայնել ԵՄ եւ անդամ պետությունների մասնակցությունը Հարավային Կովկասում կայունության ապահովմանը եւ տարածաշրջանի բարգավաճմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային տերությունների ազդեցությանը եւ միջամտությանը դիմակայելու գործին։
Հաշվետվությունը ԵՄ-ին, նրա անդամ պետություններին եւ մարդու իրավունքների գծով փոխնախագահին կոչ է անում ակտիվորեն մասնակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման որոնումներին եւ կանխել լարվածության հետագա թեժացումը տարածաշրջանում, մասնավորապես՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի եւ Հայաստանի վրա հետպատերազմյան հարցերի լուծման (ներառյալ սահմանագծումը եւ բոլոր ռազմագերիների ազատ արձակումը) համար։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այդ հակամարտության լուծման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման եւ իրավահավասարության, հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա»,- ասվում է փաստաթղթում, որով Մինսկի խմբին կոչ է արվում շտապ վերադառնալ իր միջնորդական դերին։
Կարծիքներ