Վարչապետը Վեդիում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Վեդի քաղաքում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Ամֆիթատրոնի վերակառուցման աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի օգոստոսին։ Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 210 մլն դրամ։ Միջոցները հատկացրել է կառավարությունը:
Ամֆիթատրոնի վերակառուցման վերաբերյալ համապատասխան հանձնարարականը տվել էր վարչապետ Փաշինյանը:
Վարչապետը շնորհավորել է Վեդիի բնակիչներին ամֆիթատրոնի բացման առիթով: «Մաղթում եմ, որ այն միշտ լեցուն լինի կյանքով, ուրախ տրամադրությամբ, երեխաներով, ծնողներով, երիտասարդությամբ և ամենակարևորը՝ ապագային նայող բովանդակությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը` դիմելով երեխաներին, կարևորել է վերջիններիս համար բարձրորակ կրթության ապահովումը, ինչը կնպաստի, որպեսզի նրանք առաջին հերթին վայելեն կյանքը: «Կյանքն այնքան բարդ բան է՝ տառապանքն ինքն իրեն կգա, ոչ ոք թող հանկարծ չանհանգստանա, թե որևէ մեկը կմնա առանց տառապանքի: Բայց մենք պետք է երեխաներին կարողանանք պատրաստել լիարժեք կյանքի՝ լիաթոք ապրելու այդ կյանքը, վայելելու այդ կյանքը և փոխանցելու այդ կյանքի տրամաբանությունն ու լիցքն ուրիշներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետին է ներկայացվել նաև Վեդիի քաղաքային լճի վերակառուցման, նոր շինությունների կառուցման և հարակից տարածքի բարեկարգման նախագիծը:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:
Կարծիքներ