Առնետի թույնով փորձել են թունավորել այգու միակ ուղտին

Առնետի թույնով  փորձել են թունավորել  այգու միակ ուղտին

Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս պարկը գտել ենք Կենդանաբանական այգու սմբակավորների բաժնում՝ ուղտի և թուրքմենական կուլանների ազատավանդակում՝ ջրավազանի մոտ: 

Պարունակությունն ամբողջովին առնետի թույն էր. կենդանաբույժներս տեղում տարբերակեցին: 

Առնետի թույնը, հավանաբար, փորձել էին լցնել ջրավազանի մեջ, որից ջուր են խմում Այգու միակ ուղտն ու երկու կուլանները: 

Աշխատակիցների աչալրջության շնորհիվ կարողացանք կանխել մտադրվածը՝ այն է կազմակերպել հերթական կենդանու թունավորումը նոր տնօրինությանը վարկաբեկելու և մեղադրելու համար:     

Հատկանշական է, որ կենդանի թունավորելու պրակտիկան այգում գործում է դեռ խորհրդային տարիներից, ու նման դեպքերն ի հայտ են գալիս նոր տնօրեն նշանակելու օրվանից: 

Իրավապահ մարմիններն այս ամենի մասին նույնպես լավատեղյակ են: 
Վերջերս Այգու շուրջ տարածվող հերյուրանքները և կազմակերպված ցույցերն էլ էս ամենի շարունակությունն են: 

Գիտակցում եմ, որ որոշ մարդկանց այլևս զրկել ենք Այգու հաշվին ապօրինի եկամուտ ստանալու հնարավորությունից: 
Կտրել ենք այլևս այդ ապօրինի շղթան, ինչը նյարդային ցնցումների է հանգեցրել որոշ օղակների: 

Ցավում եմ, ընկերներ, որ ձեր՝ անարդար ու հեշտ փող աշխատելու նպատակին հասնելու համար պատրաստ եք դիմելու ամենաստոր քայլերի՝ վտանգելով անմեղ կենդանիներին: 

Ցավում եմ նաև, որ կենդանիներին դիտում եք որպես գումար աշխատելու միջոց: 
Դրա հնարավորություն այլևս չե՛ք ունենալու: 

Հ. Գ. - դեպքի օրը դիմել եմ ՀՀ իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու նպատակով»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում