«Մոսկվա» հածանավը խորտակվել է ուկրաինական հրթիռների հարվածից
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հածանավը խորտակվել է ուկրաինացիների արձակած երկու հրթիռների հարվածից: Այդ մասին է հայտնել մի բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյա, ով խնդրել է չհրապարակել իր անունը: Նրա փոխանցմամբ, հավանաբար, նավը խոցել են «Նեպտուն» տեսակի հրթիռներ:
Պաշտոնյայի համոզմամբ, «Մոսկվայի» հրթիռակոծության և հետագա խորտակման հետևանքով, ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը կորուստներ է կրել, սակայն որևէ թիվ դեռևս հայտնի չէ:
Հածանավի հրթիռակոծման, հդրեհման և պայթյունի մասին հաղորդվել է ապրիլի 13-ի երեկոյան:
Հաջորդ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այդ փաստը, նշելով, որ նավը ջրի երեսին է և քարշակով կփոխադրվի նավահանգիստ: Մի քանի ժամ անց նախարարությունը հաղորդել է, որ պայթյունից և հրդեհից վնասված «Մոսկվան» փոթորկի պայմաններում խորտակվել է:
Պաշտպանության նախարարությունը նշել է, որ նավի անձնակազմը տարհանվել է: Ենթադրաբար, նավաստիներին հասցրել են Սևաստոպոլ, սակայն դա ապացուցող լուսանկարներ և տեսագրություններ դեռ չեն հրապարակվել:
Ռուսների կողմից բռնազավթված Սևաստոպոլում ապրիլի 15-ին տեղի է ունեցել նավի հետ հրաժեշտի ոչ պաշտոնական արարողություն:
Կարծիքներ