Սյունիքում լիքը նարկաման կա, ցույցն էլ Քոչարյանը, Սերժն ու Վահե Հակոբյանն են կազմակերպել. Սիլվա Համբարձումյան
Այսօր Հրապարակ-ի հետ կապ հաստատեց Ռոբերտ Քոչարյանի՝ «կաշառքի» հայտնի գործով ցուցմունք տված, գործարար Սիլվա Համբարձումյանը և ցանկացավ երեկ Սյունիքում կատարված դեպքերի վերաբերյալ հարցազրույց տալ՝ պայմանով, որ իր ողջ ասածը պետք է հրապարակենք, և սպառնալով, որ այլապես դատական հայց կներկայացնի։ Ստորև ներկայացնում ենք Սիլվա Համբարձումյանի հետ զրույցն ամբողջությամբ։
- Տիկին Համբարձումյան, Նիկոլ Փաշինյանը լավ գիտեր, որ Սյունիքում իրեն չէին սպասում, ինչո՞ւ գնաց։
- Որովհետև Սյունիքը մենակ դրանցով չի, որ դուրս էին եկել, Սյունիքը շատ հզոր է, Սյունիքում բավականին բնակչություն կա, և այդ բնակչությունը Նիկոլ Փաշինյանի կողքին է։
- Բա ու՞ր էր էդ բնակչությունը, որը Նիկոլ Փաշինյանի կողքին է։
- Ե՛վ դրսում էին, հետները հանդիպում էր, խոսում էր և այլն։ Իսկ այդ կազմակերպիչները, Վահե Հակոբյանը, որ ուզում է գալ վարչապետ, կամ իր հովանավորը որ գա, մենք չենք թողնելու, ես էլ եմ Սյունիքից։ Վահե Հակոբյանը, որ աշխատում էր Քաջարանում, ինքը ամեն օր ուղղաթիռով էր գնում աշխատանքի, Դուք դրա մասին տեղյա՞կ եք։
- Մենք տեսել ենք, թե ինչպես է Փաշինյանը իր համակիրներին հանում փողոց, տեսանք, ինչպես Եռաբլուրում ծեծուջարդ կազմակերպեց, եթե այդքան շատ համակիրներ ուներ, այս անգամ ի՞նչն էր խանգարում փողոց հանել:
- Ես էլ եմ եղել Եռաբլուրում, ծեծուջարդ չեղավ, հենց մենք գնացինք, մենք էլ առաջնագծում էինք, սաղ էդ դաշնակները փախան։ Երբ Փաշինյանը գնացել էր Սյունիք, ոչ ոք չի իմացել, էդ Վահեն իմացել ա, բոլորին հանել ա՝ իր խմբակցության անդամներին։ Ինքը կուսակցություն է բացել, և բոլորը այդ կուսակցության անդամներն էին։ Իրենք մասնակցել են, ինքն է արել, Քաջարանի բանվորներին բերել էին Ագարակ, Մեղրի,Ղափան։
- Բա ինչո՞ւ գաղտնի գնաց Սյունիք, ինչո՞ւ գիշերով գնաց, թող ցերեկով ու ոչ գաղտնի գնար, իր «բազում համակիրներն էլ» իմանային, գային աջակցելու։
- Երևի պետք չէր, երևի հատուկ նպատակ ուներ գնալու։ Ոնց որ ասում են՝ «Սյունիքը հանձնում են», «Զանգեզուրը հանձնում են», ո՞ւմ են հանձնում, թե՞ մենք էդքան ապուշ ենք, որ Սյունիքը հանձնենք։
- Բայց ախր Մեղրիի միջանցքի մասին անձամբ վարչապետն է ասել։
- Ի՞նչ միջանցք, Դուք դրա մասին լա՞վ գիտեք։
- Ես գիտեմ այն, ինչ հայտարարել է։
- Մենք Մեղրի գնում էինք ընդամենը 2.5 ժամում, հիմա ես 7 ժամում եմ գնում, էդ ճանապարհը պիտի բացվի՝ Երևան-Նախիջևան-Մեղրի-Կապան։
- Ալիևն ասում է, որ եթե Մեղրիի միջանցքը չտաք, մենք ուժով կվերցնենք։ Այս պայմաններում ինչպե՞ս եք այդ «2.5 ժամանոց» ճանապարհը բացելու։
- Այ մարդ, Ալիևը շիզոֆրենիկ է, ամեն շիզոֆրենիկի խոսքը հի՞մք եք ընդունում։ Մեղրիի միջանցք չեն տալիս, երեկ վարչապետը Կապանում հայտարարեց, ի՞նչ միջանցքի մասին է։ Մենք էլ կասենք՝ Նախիջևանի միջանցքն ենք ուզում։
- Դուք կարծում եք, որ Փաշինյանն այն կարգավիճակում է, որ կարող է Ադրբեջանին պայմաննե՞ր թելադրել։
- Այո։
- Այդ վստահությունը Ձեզ որտեղի՞ց։
- Բա էն 30 տարին ո՞ւր էիք, Դուք քանի՞ տարեկան եք։
- 25։
- Ափսոս։
- Բայց ինչո՞ւ ափսոս։
- Էս 30 տարին, որ թալանում էին մեզ, ես «Հրապարակը» շատ լավ կարդում եմ, ո՜ւր էր, որ Քոչարյանին ու Սերժին ըսենց անեիք, մարդ կմնա՞ր, սաղ բանտերում հիմա նստած կլինեին։ Այդ տականքները հայհոյում էին, չի կարելի, ամբողջ աշխարհն էր նայում այդ հայհոյանքները։ Դուք Ձեզ որպես հայ լա՞վ զգացիք, որ այդպիսի հայհոյանքներ էին տալիս, ամբողջ աշխարհն էլ դիտում էր։
- Ոչ, շատ վատ զգացի, նույնկերպ ինձ վատ էի զգում նոյեմբերի 9-ի գիշերը։
- Դուք այնտեղ ընկերներ չունեք, ես ընկերուհի ունեմ այնտեղ, ասում էր, եթե չստորագրեր, մենք չէինք լինի, 25 հազար ևս զոհ կունենայինք։
- Բայց ես ունեմ այնտեղ ընկերներ, այլ բան են ասում։
- Չունեք՝ ասում եմ, որ այդ օրերին էնտեղ, երբ որ մահու կռիվ էին անում, Ղարաբաղն էլ էինք ուզում կորցնել, այ, էս օպոզիցիան, ուզում էիք, որ Ղարաբաղն էլ տանք ու պրծնեինք, մտներ Ադրբեջանի կազմ, վերջացնեինք։ Էսօր ղարաբաղցիք ասում են՝ խի՞ եկաք մեր տունը քանդեցիք, մենք թուրքերի հետ լավ ապրում էինք։ Սա Վազգեն Սարգսյանի մեծ սխալն էր, ինքը նախ պիտի գնար Նախիջևանը գրավեր, հետո նոր կամաց-կամաց գնայինք, ոչ թե գնար Ղարաբաղ, որ էսօր էլ ղարաբաղցիները ասեն՝ եկաք, մեր տները քանդեցիք, մենք թուրքերի հետ լավ ապրում էինք։
- Բայց Ղարաբաղի 75 տոկոսը տվել է, էլ տալը ինչպե՞ս է լինում։
- Միշտ էլ դա եղել է, մոռացե՞լ եք, ամբողջ աշխարհը խոսում էր այդ 7 շրջանի մասին, ասում էին, որ այդ 7 շրջանը պիտի հանձնենք Ադրբեջանին։
- Բայց Ձեր ասած 30 տարում այդ 7 շրջաններում հայերն էին ապրում, ու չհանձնեցին։
- Նիկոլ Փաշինյանը 3-րդ օրը մտավ Ազգային ժողով, ասաց՝ եկեք հանձնենք, պատերազմ չլինի , սաղ թռան վրան, ասացին՝ ոչ, պատերազմ։ Հիմա էսօր լավամա՞րդ են դառնում։ Էդ զապիսները սաղ պահել ենք։
- Փաստորեն, Դուք պնդում եք, որ եթե Ռոբերտ Քոչարյանը չլիներ, այս ցույցերը Սյունիքում չէին լինի, Փաշինյանին էլ ծափ-ծիծաղո՞վ կդիմավորեին։
- Այո, պնդում եմ։ Վահե Հակոբյանը չլիներ, ինչքան աշխատեց, ուղղաթիռով էր աշխատանքի գնում։ Դուք չգիտե՞ք, որ էս տարածաշրջանում լիքը նարկաման կա, այ, դրա համար հանքը պետք է պետականացնել, այ, էդ ժամանակ ճիշտ կլինի, պետությանը պիտի էդ հանքը ծառայի։ Էդ էլ կգրեք։ Ընենց չանեն, որ գնանք հանքից սաղին հանենք, ժողովուրդը մտնի աշխատի, ու պետությանը մնա էդ։ Էդ ցուցարարների մեջ մարդասպան Լիսկայի տղաներն էլ էին։ Ափսոս, ես էնտեղ չէի։
- Ինչու որ էնտեղ լինեիք, ի՞նչ պիտի անեիք։
- Էնտեղ գիտեն, որ ես ազնիվ մարդ եմ, Քոչարյանի ու Սերժի ձեռը, բոլորը գիտեն, հանրապետությունը գիտի, էլի։ Գիտեն, որ ես ինչի հասել, իմ քրտինքով եմ հասել, երբեք ուրիշի ունեցվածքը չեմ խլել, ինձանից խլել են, և մենք այն ընտանիքն ենք Մեղրիում, որ ազնվագույն ընտանիք ենք։
Կարծիքներ