Կարագի արտադրությամբ զբաղվող «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ»-ը արտոնություն ստացավ. 30 մլրդ դրամի ներդրում, 50 նոր աշխատատեղ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 16-ի նիստում բավարարեց «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է կարագի արտադրության համար (ք. Գյումրի)։
Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 30 մլրդ դրամի ներդրում` ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար, 105-150 մլն դրամ՝ սարքավորումների ձեռքբերման համար և 60 մլն դրամի ներդրում՝ գործարանի վարձակալության և շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1աշխատատեղ:Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 50 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 45 մլրդ դրամ, որից 10 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 5 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 30.5 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 4.5 մլրդ դրամ:
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ կարագի արտադրության համար որպես հումք հանդիսացող 50% յուղայնությամբ սառեցված կաթնային սերուցք ԵԱՏՄ երկրներում չի արտադրվում: Արտադրվում է միայն փոքր քաշերով փաթեթավորված, ցածր յուղայնությամբ՝ նախատեսված մանրածախ վաճառքի համար:
Կարծիքներ