«Եթե մարդը չի հասկանում, որ ազգի անվան հետ է խաղում, պետք է հեռացվի». Փաշիկ Ալավերդյանը մեղադրում է Նազիկ Ավդալյանին, Ավդալյանը արձագանքում
Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը Civic.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ Մոլդովայում ընթացող պատանիների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից մրցավար Նազիկ Ավդալյանը հեռացվել է հիմնական մրցավարական կազմից, քանի որ Թուրքիայի հիմնի ժամանակ կքանստել էր։
Փաշիկ Ալավերդյանը մեզ հետ զրույցում բարկացած էր, Ավդալյանի արարքը որակեց որպես խայտառակություն. «Եթե մարդը չի հասկանում, որ ազգի անվան հետ է խաղում, ապա պետք է հեռացվի, ինքը ազգի պատվի հետ է խաղում։ Մենք արդեն ստացել ենք նամակ, որ՝ միջոցներ ձեռնարկեք»։
Հարցին, թե արդյոք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ստացե՞լ է նկատողություն, Ալավերդյանը նշեց. «Եվրոպայից արդեն նամակ ենք ստացել, որ՝ խնդրում ենք միջոցներ ձեռնարկեք։ Միջազգային ֆեդերացիայից այսօր դեռ ոչինչ չկա, բայց կարող է լինել։ Բացի դրանից, փետրվարին հավաքականը պետք է գնա Թուրքիա, տեսեք, թե քանի անգամ մեր դրոշը պետք է բարձրացվի։ Էլ ուրիշ ի՞նչ ունենք, որ Եվրոպայում առաջինն ենք»։
Նշենք, որ Նազիկ Ավդալյանի արարքը հատկապես ընդդիմադիր մամուլում հավասարվեց հերոսության, ավելի կոնկրետ՝ հերոսական քայլի Թուրքիայի դեմ, ինչից էլ թերևս օգտվել է թուրքական պատվիրակությունը՝ Ավդալյանի դեմ բողոք ներկայացնելով։ Իսկ ինքը՝ Ավդալյանը, մամուլում արդեն մեկնաբանել է իր արարքը՝ պատճառաբանելով, որ իր քայլում որևէ դիտավորություն չի եղել․ այդ պահին պարզապես որդին զանգահարել է, իսկ ինքը այդպես է վարվել, որ լսի որդուն, քանի որ որդին տանը միայակ է եղել, ու ինքը չի կարողացել չպատասխանել զանգին։
Նազիկ Ավդալյանը Civic.am-ի հետ զույցում ի պատասխան իր հասցեին Փաշիկ Ալավերդյանի քննադատության՝ ասաց. «Ճանաչելով Փաշիկ Ալավերդյանին զարմացած չեմ նրա այս բովանդակությամբ հարցազրույցից՝ անկախ այն հանգամանքից, որ նա տեղյակ է մանրամասներին։ Չնայած դրան, ես այսպես հանրայնորեն չեմ պատասխանի նրան։ Միայն կասեմ, որ միակ մարդը, ով կարող է տուժել, դա ես եմ, այնպես որ, թող հանգիստ լինեն բոլորը։ Իսկ մեր մարզիկներին հաջողություն եմ ցանկանում բոլոր մրցաշարերում»:
Կարծիքներ