Բայդենի որդին հայտնել է, որ անգամ հնարավություն տրվելու դեպքում, այլևս չէր աշխատի ուկրաինական ընկերությունում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթերը, իր հուշերում գրել է՝ ուկրաինական Burisma գազի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունում աշխատելու տարիների անբարո ոչինչ չի արել, բայց եթե նորից հնարավորություն տրվեր այնտեղ աշխատելու, նա չէր համաձայնի առաջարկին, գրում է Associated Press-ը:
«Ես անբարո ոչինչ չեմ արել և երբեք չեմ մեղադրվել խախտումների համար: Այժմյան քաղաքական մթնոլորտում իրականում այնքան էլ տարբերություն չկա, թե ես կզբաղեցնեի այդ պաշտոնը, թե ոչ: Միևնույնն է՝ դարձյալ հարձակման էի ենթարկվելու»,- ասել է Բայդենի որդին:
Նա վստահեցրել է նաև, որ «ներկայիս պայմաններում իրականում նշանակություն էլ չունի, թե ինչ է արել կամ չի արել»:
«Այդ հարձակումներն իմ դեմ չէին: Դրանց նպատակը հորս վիրավորելն էր»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք՝ 2020-ին դեմոկրատ Ջո Բայդենի դեմ արշավի ընթացքում, հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը և նրա դաշնակիցները մի քանի անգամ փորձել էին շահարկել Բայդենի կրտսերի աշխատանքը Burisma ուկրաինական գազային ընկերությունում: Թրամփը պնդում էր Բայդենների՝ ստվերային գործարքների մասին՝ չնայած նախագահի թեկնածու Ջո Բայդենի կամ նրա որդու դեմ որևէ ապացույցների բացակայությանը:
Ի վերջո, դեմոկրատական կուսակցության վերահսկողության տակ գտնվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթի (պաշտոնանկության,-խմբ.) էր ենթարկել Թրամփին՝ Կիևին Բայդենների ընտանիքի նկատմամբ հետաքննություն սկսելու դրդելու համար: Սենատը, որը վերահսկում էին հանրապետականները, քվեարկել էր Թրամփին պաշտոնում թողնելու օգտին:
Հանթեր Բայդենը գրում է, որ իր միակ սխալ դատողությունն այս առնչությամբ այն է եղել, որ 2014 թվականին, երբ սկսել էր աշխատել ուկրաինական ընկերության համար, հաշվի չէր առել, որ 3 տարի անց Թրամփը կլինի Սպիտակ տանը:
Նշվում է՝ իրավաբան և նախկին լոբբիստ Բայդեն կրտսերը միացել էր Burisma-ի խորհրդին այն ժամանակ, երբ նրա հայրը զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը և օգնում էր վարել այն ժամանկվա նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականությունը Արևելյան Եվրոպայում:
Հենց սա նկատի ունենալով՝ Թրամփն ու նրա աջակիցները պնդում էին, որ աշխատելու տարիներին Հանթեր Բայդենը շահագործել է իր հոր անունը, և անհիմն մեղադրանքներ են հնչեցրել նրա հասցեին կոռուպցիայի առնչությամբ:
«Իմանալով այս ամենը հիմա, կասեմ՝ որ ես դարձյալ չէի զբաղեցնի այդ պաշտոնը: Թրամփը ստիպված կլիներ այլ բան փնտրել, որը կշեղեր հասարակության ուշադրությունն այն ամենից, ինչի պատճառով նա իմպիչմենթի էր ենթարկվում»,- գրել է Բայդեն կրտսերը:
Հիշեցնենք՝ Հանթեր Բայդենը Burisma-ում աշխատելիս ամսական վաստակել է մինչև 50 000 ԱՄՆ դոլար: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները կարծում են, որ Բայդեն կրտսերը լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար օգտագործել է իր հոր պաշտոնական դիրքը: Բացի այդ, նրանք Բայդեն ավագին կասկածում են Ուկրաինայի իշխանությունների վրա ճնշման համար՝ գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին աշխատանքից ազատելու առնչությամբ, որը ղեկավարում էր ընկերության դեմ հետաքննությունը: Ջո Բայդենը հերքում է մեղադրանքները:
Կարծիքներ