Մեքսիկայում երեք մարդ է զոհվել, երբ թեթեւ ինքնաթիռը մխրճվել է սուպերմարկետի մեջ
Առնվազն երեք մարդ է զոհվել երկուշաբթի օրը, երբ Մեքսիկայի կենտրոնական Մորելոս նահանգում թեթև ինքնաթիռը մխրճվել է սուպերմարկետի շենքի մեջ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է մարզային կառավարությունը հրապարակային հայտարարության մեջ։
«Օդանավում գտնվող երեք մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել», - ասվում է տեքստում: «Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ»: Ողբերգությունը տեղի է ունեցել Տեմիսկո շրջանում։ Շրջանի դատախազությունը հետաքննություն է սկսել վթարի հանգամանքների վերաբերյալ։
Վթարի վայրից արված լուսանկարները ցույց են տալիս, որ ինքնաթիռը ճեղքել է սուպերմարկետի պատը և գրեթե ամբողջությամբ հայտնվել առևտրի հարկում։ Ինքնաթիռը չի բռնկվել, սակայն մեծ վնաս է կրել։ Միջադեպի հնարավոր պատճառների մասին տեղեկություն չի հրապարակվել։
Ավելի վաղ շրջանի նահանգապետը հայտնել էր, որ ինքնաթիռի կործանման հետեւանքով երկու մարդ է զոհվել, եւս երեքը վիրավորվել են։
Կարծիքներ