Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

Ողջունելով հյուրին` Անահիտ Ավանեսյանը նշել է, որ առողջապահության նախարարության և Ճապոնիայի դեսպանության համատեղ բոլոր նախաձեռնությունները դրական ազդեցություն են թողել համակարգի վրա, իսկ Ճապոնիայի աջակցությամբ տրամադրված բժշկական սարքերը նպաստել են երկրում առողջապահական և բժշկական հաստատությունների կարողությունների զգալի բարելավմանը:

«Հուսով ենք, որ առողջապահական համակարգի վրա համավարակի և պատերազմի հետևանքով գերլարվածությունը կթուլանա և կկարողանանք աշխատել բարեփոխումների և զարգացման ուղղությամբ»,- ասել է առողջապահության նախարարը:

Ճապոնիայի դեսպանն իր հերթին ընդգծել է Հայաստանի և Ճապոնիայի միջև սերտ հարաբերությունները` հույս հայտնելով, որ համավարակի դեմ պայքարը թույլ կտա կենտրոնանալ այլ ծրագրերի վրա:

Անահիտ Ավանեսյանը և Ֆուկուշիմա Մասանորին անդրադարձել են Հայաստանում և Ճապոնիայում COVID-19-ի տարածման, կանխարգելիչ միջոցառումներին, պատվաստումային գործընթացին, ինչպես նաև խթանիչ պատվաստանյութերի կիրառման փորձին:

Քննարկվել են նաև առողջապահական համակարգում սպասվող բարեփոխումների, այդ թվում` առողջության առաջնային պահպանման օղակի արդիականացման ուղղությամբ հնարավոր աջակցությանն առնչվող հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում