Տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։
Նիստի օրակարգում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամքի ծառայություններ ստացող տարեցների կարիքների գնահատման և այլընտրանքային ծառայությունների նկատմամբ նրանց պահանջարկի ուսումնասիրության վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքների ամփոփումն էր, որի նպատակն է համակողմանի և լիարժեք գնահատել սոցիալական պաշտպանության հաստատությունների տարեց բնակիչների անհատական կարիքները, բացահայտել նրանց պահանջմունքներն ու ներուժը՝ ինքնուրույն ապրելու կամ որոշակի ծառայություններից օգտվելու համար։
Նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանի խոսքով՝ հետազոտության իրականացման հիմքում տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրն է, որի արդյունքներն պետական մարմինների և ոլորտում գործող կազմակերպությունների համար լինլեու են ուղենիշ հետագա ծրագրերի մշակման և իրականացման գործում։
Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի փորձագիտական խմբի ղեկավար Արմինե Մխիթարյանի ներկայացմամբ՝ անհրաժեշտ է ներդնել և զարգացնել համայնքահեն ծառայությունների այնպիսի շրջանակ, որը հնարավորություն կտա ապահովել տարեցների ինքնաիրացումը, մասնակցությունը տարբեր ոլորտներում, ներառումը հասարակական կյանքին, նրանց սոցիալական, ֆիզիկական, մտավոր կարողությունների շարունակական զարգացումը։
Բանախոսը մանրամասներ է ներկայացրել ցերեկային և շուրջօրյա խնամքի հաստատություններում բնակվող տարեցների կարիքների գնահատման, նրանց նախասիրությունների, մատուցվող ծառայությունների որակի, կենցաղային պայմանների մասին։ Ըստ նրա՝ ոլորտային քաղաքականությունն իր առողջապահական, սոցիալական, տնտեսական բաղադրիչներով պետք է ունենա խնամքի հաստատություններում չհայտնվելու կանխարգելիչ նշանակություն՝ նախընտրելի դարձնելով տարեցին համապատասխան ծառայությունների մատուցումը իր տանը։
Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում ներկաները բարձրաձայնել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։
Հետազոտությունն իրականացվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ։
Կարծիքներ