ԱՄՆ-ի սուզանավը Կուբայի ափեր է ժամանել ռուսական սուզանավի ժամանումից մեկ օր անց
ԱՄՆ ռազմածովային ուժերի միջուկային սուզանավը հունիսի 13-ին ժամանել է Կարիբյան ծով՝ Կուբայի հարավ-արևելյան ափերի մոտ, ռուսական ռազմանավերի՝ Հավանայի նավահանգիստ մտնելուց մեկ օր անց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական ցանցում հաղորդել է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը:
Ըստ հաղորդագրության՝ Helena հարվածային սուզանավը Կուբայի Գուանտանամոյի ծոցում է գտնվում «պլանային այցի շրջանակներում»:
Ամերիկյան սուզանավը «ծովում ազգային անվտանգությունը և գլոբալ անվտանգությունն ապահովելու առաքելություն է իրականացնում»։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «նավի գտնվելու վայրը և տարանցումը պլանավորվել է ավելի վաղ»։
Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհի խոսքով՝ ռուսական ռազմանավերի այցը սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ-ի համար, սակայն նրանց տեղաշարժերին շարունակում են ուշադիր հետևել։
Ռուսաստանի «Կազան» ատոմային սուզանավը, «Խորհրդային Միության նավատորմի ադմիրալ Գորշկով» ֆրեգատը, «Ակադեմիկոս Պաշին» միջին ծովային տանկերը և «Նիկոլայ Չիկեր» փրկարարական քարշակը հունիսի 12-ին ժամանել են Հավանայի նավահանգիստ։ Ինչպես հաղորդել է Կուբայի հեղափոխական զինված ուժերի նախարարությունը, նավերն այնտեղ կմնան մինչև հունիսի 17-ը։ Կուբայի իշխանությունները այցը բացատրել են ՌԴ-ի հետ «պատմական բարեկամական հարաբերություններով»։
Կարծիքներ