«100 դուռ». Նկարիչների միությունում լուսանկարչական բարեգործական ցուցահանդես կբացվի
Դեկտեմբերի 29-ից հունվարի 6-ը Հայաստանի նկարիչների միությունում գործելու է «100 դուռ» լուսանկարչական բարեգործական ցուցահանդեսը, որի հասույթն ուղղվելու է պատերազմի ժամանակ զոհված 4-5 ազատամարտիկի՝ ամենածայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներին:
Նախագծի հեղինակ, ռեժիսոր Խաչիկ Եղոյանը նշում է, որ ներկայացվելու է 100 լուսանկար, յուրաքանչյուրի արժեքը 20 հազար դրամ է:
Նա հիշեցնում է, որ հինգ տարի առաջ դեկտեմբերի 29-ին Նկարիչների միությունում բացվել էր «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի հեղինակն էր հենց Խաչիկ Եղոյանը, լուսանկարիչը՝ Ռուբեն Մարտիրոսյանը: Նախագծի շրջանակում նկարել էին հայկական 100 եկեղեցու դուռ՝ Արևմտյան Հայաստանում, Ջավախքում Հայաստանում և Արցախում:
«Նպատակ ունեինք եկեղեցիների լուսանկարները նվիրել տվյալ եկեղեցիներին: Սակայն այսօրվա իրականությունն այնպիսին է, որ բացի Արևմտյան Հայաստանը, ունեցանք ևս կորսված հողեր: Նոր գաղափար ծնվեց: Հինգ տարի անց կրկնել այդ լուսանկարների ցուցահանդեսը»,- նշում է Եղոյանը:
Ցուցահանդեսը, ըստ նրա, նաև հնարավորություն կտա ևս մեկ անգամ անցնել, շրջել կորսված հողերի եկեղեցիների շեմերով:
Կարծիքներ