Կարեն Գիլոյանը մասնակցել է շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնության հաղթողների պարգևատրման արարողությանը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունվարի 24-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցել է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությանը:
Կարեն Գիլոյանը, շնորհավորելով հաղթողներին, ընդգծել է, որ Հայաստանի առաջնությունը հերթական անգամ ցույց տվեց՝ մենք կարող ուժեր ունենք. «Հերթական անգամ հասկացանք, որ շախմատն իսկապես մեր ազգային մարզաձևն է: Կայացան շատ հետաքրքիր պարտիաներ, և հաղթեցին ուժեղագույնները, թեև մյուսներն էլ վատ չխաղացին: Ամենաուրախալին այդ մրցակցությունն է և մրցակցությունից ծնվող ուժը: Միայն մրցակցության պարագայում մենք ժամանակի ընթացքում կունենանք ավելի ուժեղ շախմատիստներ, հակառակ դեպքում աճ չի լինի»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև հաջողություն է մաղթել մեր թիմին այս տարվա ամենակարևոր մրցմանը՝ շախմատի համաշխարհային օլիմպիադային, որը կկայանա առաջիկա ամռանը: Կարեն Գիլոյանը նշել է՝ ԿԳՄՍ նախարարությունը կանի ամեն բան, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն, և մեր թիմը խնդիրներ չունենա Մոսկվայում:
Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանն էլ ընդգծել է, որ իրենց սպասելիքներն իրականացել են, և առաջնությունն իսկապես շատ հետաքրքիր է ստացվել։
Հիշեցնենք՝ Հայաստանի տղամարդկանց առաջնության 2022 թվականի չեմպիոն էր հռչակվել Մանուել Պետրոսյանը, արծաթե մեդալը նվաճել էր Հայկ Մարտիրոսյանը, իսկ բրոնզե մեդալը՝ Շանթ Սարգսյանը: Կանանց առաջնության չեմպիոնը 17-ամյա Մարիամ Մկրտչյանն է: Հայաստանի նախորդ տարվա չեմպիոն Սուսաննա Գաբոյանը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մարիա Գևորգյանը:
Հաղթողները պարգևատրվել են դիպլոմներով և դրամական մրցանակներով:
Կարծիքներ