ՀՀ ժամանած անձն ինքնամեկուսացումից դուրս գալու համար պետք է անցնի վճարովի ՊՇՌ թեստ
ՀՀ տարածք մուտք գործելուց հետո սահմանված կարգով ինքնամեկուսացված անձը կարող է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետի ընթացքում վճարովի հիմունքներով
անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱՏՄ-ից:
ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:
ՀՀ ժամանած և ինքնամեկուսացման մեջ գտնվող անձից նմուշառումը կարող է իրականացվել բացառապես իր ինքնամեկուսացման վայրում՝ լաբորատորիայի
աշխատակիցների այցի միջոցով:
Համապատասխան ենթակառուցվածքների առկայության պարագայում նմուշառումը կարող է իրականացվել նաև անմիջապես ՀՀ տարածք մուտք գործելուց հետո, օդանավակայանների, ինչպես նաև սահմանային անցման կետերի տարածքում տեղակայված նմուշառման կենտրոնների մասնագետների կողմից:
Փոփոխությունը սահմանված է պարետի 254 -Ն որոշմամբ։ Մանրամասները՝ կից հղումով։
Որոշումը լրացվել է նաև նոր կետերով՝ հետևյալ բովանդակությամբ․ «ՀՀ ժամանող անձանց տվյալները ԱՐՄԵԴ համակարգ են մուտքագրվում հատուկ նշումով: Լաբորատորիաների կողմից թեստավորում անցած լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի մասին տեղեկատվությունը ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրվելուց հետո տվյալ անձինք ենթակա են ինքնամեկուսացումից անհապաղ ազատման: Մինչև լաբորատորիայի կողմից ԱՐՄԵԴ համակարգ բացասական պատասխանի մուտքագրումն անձը ստանում է ինքնամեկուսացման ցուցում։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը ՀՀ մուտք գործող անձանց իրազեկում են ինքնամեկուսացման պարտադիր պահանջի մասին, ծանուցում սահմանված նորմերի մասին։ Առանց այդ ծանուցումը ստորագրելու՝ քաղաքացին չի կարող մուտք գործել երկիր։
Կարծիքներ