Քննարկվել են COVID 19 համավարակի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունների համակարգի ուժեղացմանը վերաբերող մի շարք հարցեր

Քննարկվել են COVID 19 համավարակի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունների համակարգի ուժեղացմանը վերաբերող մի շարք հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է «COVID 19 համավարակի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունների և երեխաների պաշտպանության արագ արձագանքման համակարգի ուժեղացում» ծրագրի բացմանը։ Այն իրականացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ և ուղղված է համակարգի ամրապնդմանը, կարողությունների զարգացմանն ու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին արագ արձագանքելուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Փոխնախարար Գալյանը ողջունել է Ծրագրի բացման երկօրյա դասընթացին մասնակող ներկայացուցչական կազմին և նշել, որ Արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հատկապես բռնության ենթարկված երեխաներին համալիր աջակցության տրամադրումը։ Այդ համատեքստում Սրբուհի Գալյանը մեծապես կարևորել է Միացյալ Թագավորության դեսպանության  հետ իրականացվող  ծրագիրն ու շնորհակալություն հայտնել ՄԹ գործերի նոր ժամանակավոր հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին:

Փոխնախարարը հույս է հայտնել, որ Ծրագրի շրջանակում հնարավոր կդառնա վեր հանել ոլորտում առկա խնդիրները և փորձել գտնել ընդունելի լուծումներ:  Այդ առումով Սրբուհի Գալյանը շեշտել է Հայաստանում երեխաներին վերաբերող առկա համակարգերը առավել համագործակցային և երեխայակենտրոն դարձնելու անհրաժեշտությունը և նշել, որ այդ խնդիրներն արտացոլված են Նախարարության կողմից նախագծված վերջին օրենսդրական բարեփոխումներում:

Բացման խոսքով են հանդես եկել նաև Հայաստանում Բրիտանական դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին, ՀՀ ոստիկանության  քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը։

Դասընթացի շրջանակում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի վերականգնողական ծրագրերի իրականացման հարցերով տեղակալ, Ծրագրի ղեկավար Գայանե Հովակիմյանը ներկայացրել է ծրագրի ընդհանուր դրույթները, Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ, Ծրագրի փորձագետ-դասընթացավար Արփինե Սարգսյանն անդրադարձել է քրեական արդարադատության ոլորտում երեխաների իրավունքների պաշտպանության ընդհանուր ռազմավարությանն ու դրանք արտացոլող իրավական նախագծերին։

Դասընթացը կշարունակվի նաև օգոստոսի 28-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում