Թվայնացվել է Երևանի պատմության թանգարանում պահվող 30 հազար լուսանկար ու փաստաթուղթ․ առկա են եզակի նեգատիվներ

Թվայնացվել է Երևանի պատմության թանգարանում պահվող 30 հազար լուսանկար ու փաստաթուղթ․ առկա են եզակի նեգատիվներ

Երևանի պատմության թանգարանում պահպանվող ավելի քան 30 հազար փաստաթուղթ ու լուսանկար այս տարի Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ թվայնացվել են։

Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի կայքը։

«Թվայնացրինք, որովհետև ամենամեծ պահանջարկ ունեցող պահոցներն են: Եթե նախկինում 15.000 լուսանկարի մեջ գույքամատյանով ստիպված էինք փնտրել լուսանկարներ, ապա հիմա բանալի բառով հեշտությամբ ստանում ենք տեղեկատվությունը»,-բացատրել է Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:
Թվայնացված բոլոր նյութերը ներբեռնվել են հատուկ ծրագրում:

Այն հնարավորություն է տալիս թանգարանի աշխատակիցներին ցանկացած պահի որոնման կոճակի միջոցով ըստ տարեթվի կամ անվան գտնել անհրաժեշտ փաստաթուղթը, լուսանկարը, ներբեռնել այն կամ տպագրել:

«Այստեղ ներկայացված է, թե որքան լուսանկար, փաստաթուղթ, նեգատիվ, թերթ և քարտեզ է ներբեռնված: Այն անվանվել է GES 1՝ Երևանի գլխավոր հիշողություն 1: Հետագայում կլինեն հաջորդ փուլերը: Սեղմելով «ավելացում»՝ հնարավորություն ենք ունենում միանգամից ավելացնել թվայնացված փատաթուղթը»,- նշել է «Սևունի» ընկերության հիմնադիր Ջանիկ Սևոյանը:

Թանգարանի հարուստ ֆոնդի պահպանման ու հանրահռչակման համար թվայնացումը կենսական անհրաժեշտություն էր: Թվայնացված նյութերն առայժմ նախատեսված են միայն ներքին օգտագործման ու սպասարկման համար:

«Թվայնացումը շատ կարևոր է, որովհետև ֆոնդերում պահվում են Երևանի պատմության վավերագրերը»,-ասել է Երևան քաղաքի պատմության թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անահիտ Ամիրյանը:

«Ունենք նեգատիվներ, որոնք մինչ այս երբեք չեն օգտագործվել, իհարկե, թվայնացման կարիքը շատ կար, որովհետև եզակի նեգատիվներ ունենք: Ունենք նաև լուսանկարներ, որոնք աստիճանաբար գունաթափվում են, գունազրկվում: Թվայնացման շնորհիվ նաև պահպանվում են լուսանկարները»,-ասել է Երևան քաղաքի պատմության թանգարանի կինոֆոտոֆոնոավանդաբաժնի ավագ գիտաշխատող Արմինե Կարապետյանը:

«Մեծ ուշադրություն է դարձվել այն նեգատիվներին, որոնք բացառիկ նմուշներ են և տեխնոլոգիական առումով ապակու վրա են: 3553 նեգատիվ ենք թվայնացրել, որոնք հատուկ մշակում են անցել և դրանք համապատասխան տեխնոլոգիայով հասանելի են: Թվայնացվել են նաև փաստաթղթերի մատյանները»,-նշել  է Ջանիկ Սևոյանը:

Թվայնացումից հետո թանգարանն արդեն իսկ մտածում է նոր նախագծերի մասին՝ ցուցադրություններ, ալբոմների տպագրություն:

«Եվս երկու շատ հետաքրքիր ծրագիր ունենք. կերպարվեստի ֆոնդի նոր հարկադարակների պատրաստումն է և թանգարանի առաջին հարկի ցուցասրահի նորացումը»,-հավելել է թանգարանի տնօրենը:

Երևանի պատմության թանագարանը լոկ ցուցասրահ չէ, այլ մշակութային, գիտական կենտրոն, որի առաքելությունը քաղաքի պատմության, ավանդույթների պահպանումն ու քարոզումն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում