Ջուլֆալակյանն ու Սաֆարյանն Արցախում մարզական նախաձեռնությամբ են հանդես գալիս

Ջուլֆալակյանն ու Սաֆարյանն Արցախում մարզական նախաձեռնությամբ են հանդես գալիս

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի նախկին անդամները` ՕԽ փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը և աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը հատուկ նախաձեռնությամբ Արցախում են:

Մարզիկները հոկտեմբերի 25-ին հանդիպել են ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ:

«Ցանկություն ունեի մարզասարքերով հագեցած մարզական հրապարակներ կառուցել Արցախում, որին միացավ ընկերս՝ Դավիթ Սաֆարյանը: Մեր ընկերները ցանկություն են հայտնել միանալ մեր նախաձեռնությանը, և  սկզբի համար առնվազն երեք մարզական հրապարակ կառուցել: Ըստ նախատեսվածի՝ կարճ ժամանակահատվածում ավարտին կհասցվեն առաջին մարզական հրապարակի կառուցման աշխատանքները: Մարզահրապարակներում կարող են մարզվել տարիքային բոլոր խմբերի, ֆիզիկական տարբեր պատրաստվածություն ունեցող մարդիկ»:- Ասել է Ջուլֆալակյանը՝ կոչ անելով հայությանը՝ շարունակել մ սրտացավություն և նվիրվածություն ցուցաբերել Արցախի ժողովրդի նկատմամբ, մեծ ներդրումներ կատարել, որպեսզի այդ ժողովուրդը շարունակի ապրել իր հողի վրա, շենացնի ու ծաղկեցնի իր հայրենիքը:

Հանդիպումից հետո մարզիկները այցելել են Ստեփանակերտի «Արցախ» թաղամասում կառուցվող մարզական հրապարակ և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում