Բալային համակարգի ներդրումից հետո դեռ որևէ անձ չի զրկվել վարորդական իրավունքից. 1695 վկայական կասեցվել է վեց ամսով
Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրումից հետո տուգանային միավորների կիրառմամբ դեռևս որևէ վարորդ չի զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«1695 անձի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է 6 ամիս ժամկետով»,- հայտնեցին վարչությունից։
Հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվել ճանապարհային երթևեկության կանոնները բալային համակարգով ներդրված նորամուծություններին հարմարեցնելու ուղղությամբ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պատասխանեցին, որ ճանապարհային երթևեկության կանոնները տուգանային միավորների համակարգով ներդրված նորամուծություններին հարմարեցնելու անհրաժեշտություն չի առաջացել:
2020 թվականի 11 ամիսների ընթացքում տեսախցիկներով և արագաչափերով հայտնաբերված իրավախախտումների գործերով կայացվել է 1 219 448 որոշում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պակաս է 171 673-ով կամ 12.3 տոկոսով։
«2020 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել է մարդկային տուժածներով 3564 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 298, մարմնական վնասվածքներ ստացել 5189 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քանակը նվազել է 758-ով կամ 17.5 տոկոսով, զոհերի թիվը 18-ով, մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվը՝ 954-ով»,- ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը գործում է 2020 թվականի հունվարի 1-ից: Ըստ այդ համակարգի` վարորդներին տարվա կտրվածքով տրամադրվում է 9 բալ։ Կատարելով խախտումներ վարորդի բալերն աստիճանաբար իջնում են: Կորցնելով բոլոր բալերը, վարորդը կզրկվի վարորդական իրավունքից՝ հնարավորություն ունենալով հաջորդ տարի հանձնել քննություն և հետ ստանալ վարորդական իրավունքը:
Կարծիքներ