Կապիկի ծաղիկը հիմնականում գրանցվել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց շրջանում. ՀՀ-ում դեռևս չկա
Մայիսի 7-ին աշխարհն ահազանգեց կապիկի ծաղիկ կոչվող վիրուսի մասին։ Առաջին դեպքը հայտնաբերվեց Մեծ Բրիտանիայում, երբ քաղաքացին վերադարձել էր Նիգերիայից, որտեղ էլ հավանաբար վարակվել էր:
Այժմ արդեն աշխարհի 13 երկրում արձանագրվել է վիրուսի 99 դեպք: Վարակվածների հիմնական շեմը երիտասարդ տղամարդիկ են: ՀՎԿԱԿ-ի մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասնեց՝ մեծ մասամբ դեպքերը արձանագրվել են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդկանց շրջանում:
Մինչև այս Եվրոպայում վիրուսի՝ մարդուց մարդուն փոխանցման դեպք չէր արձանագրվել: Գրանցված դեպքեր թերևս եղել էին, սակայն՝ աֆրիկական պետություններ ճանապարհորդելու հետևանքով:
«Կապիկի ծաղիկը հայտնաբերվել է դեռևս 1958 թվականին, իսկ 1970-ականներից հետո արդեն դեպքերը սկսել են արձանագրվել մարդկանց շրջանում, ընդ որում՝ եվրոպացիների, որոնք ճանապարհորդել էին աֆրիկյան երկրներ: Սակայն վերջին շրջանում եվրոպական երկրներում նկատվող դեպքերի հետ կապված անհանգստությունը մեծ է, քանի որ դրանք կապված չեն ճանապարհորդությունների հետ: Միայն Մեծ Բրիտանիայում արձանագրված առաջին դեպքն էր, որը ի հայտ էր եկել ճանապարհորդելուց հետո»,- նշեց մասնագետը:
Վիրուսը փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագանների միջոցով: Դրա փոխանցումը մարդուց մարդուն սահմանափակ է և հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով և/կամ ախտահարված հյուսվածքի հետ երկարատև սերտ շփման։ Շրջանառվում է նաև վարակի՝ սեռական ճանապարհով փոխանցումը: Այն մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն):
Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման հետևանքով: Ռիսկի հավանական գործոններից է համապատասխան ջերմային մշակման չենթարկված, վարակված կենդանիների մսի օգտագործումը:
Կապիկի ծաղիկի վիրուսի գաղտնի շրջանը տևում է 5-21 օր, դրանից հետո առաջանում է ջերմություն, հոգնածություն, գլխացավեր, մկանացավեր, թուլություն և այլն: Ախտանշաններն առաջանալուց 1-3 օր հետո կարող է առաջանալ ցան, որը նմանեցնում են բնական ծաղկի ցանին: Ցանը սկսվում է դեմքի շրջանից և տարածվում մարմնի տարբեր հատվածներ:
Համեմատելով վիրուսը կորոնավիրուսային հիվանդության հետ՝ Պապոյանը շեշտեց՝ այն ավելի քիչ վարակիչ է: Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում գրանցված դեպքերը ավելի ծանր են, իսկ Նիգերիայում արձանագրվածներն ավելի հեշտ են ընթանում:
«Այս վիրուսը գաղտնի շրջանում վարակիչ չէ, քովիդը գաղտնի շրջանում էլ էր վարակիչ: Օդակաթիլային փոխանցումը հնարավոր չէ, միայն սերտ շփում է անհրաժեշտ: Գիտնականների կարծիքով՝ քանի որ սա ԴՆԹ վիրուս է, համավարակ առաջացնելու հակում չունի: ԴՆԹ վիրուսներով հիվանդությունները գաղտնի շրջանում վարակիչ չեն: Թեև կոնկրետ այս վիրուսի ուղղությամբ հետազոտությունները շարունակվում են, սակայն գիտնականները կարծում են՝ քանի որ ԴՆԹ վիրուս է, ապա գաղտնի շրջանում վարակիչ չէ»,- նշեց մասնագետը:
Վերջինս վստահեցրեց՝ ԴՆԹ վիրուսների դեպքում փոփոխվելու հավանականությունը շատ անգամներ ավելի ցածր է, քանի որ փոփոխվելու համար դրանք ավելի երկար ժամանակահատված են պահանջում:
Նրա խոսքով՝ վիրուսից մահացության դեպքերը գրանցվում են 1-10 տոկոս, այսինքն՝ տարբեր երկրներում այդ տոկոսը տարբեր է: Վիրուսը առավել վտանգավոր է երեխաների և իմունային համակարգի հետ խնդիրներ ունեցող անձանց համար:
Կապիկի ծաղիկ վիրուսի դեմ աշխարհը թերևս չունի հատուկ պատվաստանյութ, սակայն, ՀՎԿԱԿ-ի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի խոսքով, թե՛ բնական ծաղիկը և թե՛ կապիկի ծաղիկն ունեն խաչաձև իմունիտետ առաջացնելու հատկություն, այդ պատճառով բնական ծաղկի պատվաստանյութերը մոտ 85 տոկոս արդյունավետություն են դրսևորում կապիկի ծաղիկի կանխարգելման գործընթացում. «Ըստ հետազոտությունների՝ պատվաստանյութերը բավականին արդյունավետ են: Այս պատվաստանյութերը նախատեսված են 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար, հաստատել են և՛ ԱՄՆ դեղերի և պարենի, և՛ Եվրոպական դեղերի գործակալությունները»,- ասաց նա:
Բնական ծաղկի դեմ մասսայական պատվաստումներ իրականացվել են մինչև 1980 թվականը: Այնուհետև դրանք հանվել են, քանի որ համարվել է, որ վիրուսը վերացել է: Բնական ծաղկի դեմ պատվաստանյութ հիմա էլ արտադրվում է, սակայն նախատեսված է խիստ սահմանափակ թվով կիրառման համար, օրինակ՝ այն անձանց համար, որոնք աշխատում են լաբորատորիաներում և այդ հարուցիչների առումով ռիսկի խմբում են: Մասնագետի խոսքով՝ կապիկի ծաղիկի վարակվածության դեպքերի համար դեռևս մասսայական պատվաստում իրականացնել անհրաժեշտ չէ:
Խոսելով նաև այն մասին, թե ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը վիրուսը հայտնաբերելու և կանխարգելելու գործընթացում՝ Գրիգորյանը նշեց՝ հայաստանյան ԲԿ-ներին շրջաբերական է իջեցվել, որ կասկածելի ցանավորում կամ նման ախտանշաններ ունեցող անձանց նկատմամբ ուշադիր լինեն: Որևէ կասկածելի դեպք առայժմ չի նկատվել: Աշխատանք է տարվում նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ, որոնք սահմանային անցման կետերում հսկողություն են իրականացնում՝ էկզոտիկ կրծողներ և կապիկներ Հայաստան բերելը արգելելու համար:
Վիրուսի ախտորոշման համար գոյություն ունեն թեստեր, որոնք իրականացվում են ՊՇՌ թեստավորմամբ արյան և արագ թեստերի միջոցով:
Կապիկի ծաղկի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է խուսափել ախտանշաններ ունեցող անձի հետ երկարատև սերտ շփումից, չներկրել Էկզոտիկ կապիկներ (պրիմատներ) և կրծողներ, կենդանական միս կամ դրանց մասեր պարունակող բոլոր մթերքները ենթարկել բավարար ջերմային մշակման, որը պաշտպանում է ինչպես այս, այնպես էլ՝ այլ վարակիչ հիվանդություններից, կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։
Եթե ճամփորդել եք Աֆրիկայում կամ շփում եք ունեցել այնտեղից վերադարձած անձի հետ, մաշկի ցանավորման և այլ ախտանշանների դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել վարակաբանի խորհրդատվության։
Կարծիքներ