Անուրանալի է Վիգեն Խաչատրյանի ավանդը հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր բնագավառներում. ՀՀ նախագահ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ:
«Խորը ցավով տեղեկացա Ազգային Ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան մասին:
Վիգեն Խաչատրյանը Հայաստանի անկախացումից ի վեր ակտիվորեն զբաղվել է հասարակական, քաղաքական գործունեությամբ: Նա քաղաքացու և քաղաքական գործչի օրինակելի կերպար էր՝ համարձակ, բայց և զուսպ բնավորությամբ, անձնվեր հայրենասիրությամբ ու քաղաքական բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ:
Անուրանալի է Վիգեն Խաչատրյանի ավանդը հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր բնագավառներում:
Խորապես ցավակցում եմ Վիգեն Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 72 տարեկան հասակում երեկ հանկարծամահ է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը:
Վիգեն Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 23-ին՝ ժամը 17:00-ից, «Զոլեր» սգո սրահում:
Կարծիքներ