Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար
Գերմանիան մոտ մեկ միլիարդ եվրո է հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերին աջակցելու իր նախաձեռնության շրջանակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կայքը՝ ԱԳ նախարար Անալենա Բերբոքի՝ Կիև կատարած այցի կապակցությամբ։
«Հակաօդային պաշտպանության ամրապնդման գլոբալ նախաձեռնությունը, որը վերջերս ԱԳ նախարարը նախաձեռնեց Գերմանիայի պաշտպանության նախարար Պիստորիուսի հետ միասին, նույնպես պետք է դիտարկել։ Մինչ օրս գրեթե մեկ միլիարդ եվրո արդեն հավաքվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության լրացուցիչ աջակցության համար»,- ասված է հայտարարության մեջ։
Կայքի տվյալներով՝ դրամահավաքի աշխատանքները շարունակվում են։ Գերմանիայի ԱԳՆ-ն հավելել է, որ նախաձեռնությունն ուղղված է ոչ միայն Ուկրաինային օգնելուն, այլև Եվրամիության անդամ երկրների անվտանգությունը պաշտպանելուն։
Այցի ընթացքում Բերբոքը նաև կոչ է արել արևմտյան երկրներին ակտիվորեն աջակցել Ուկրաինային՝ իրենց սահմաններին ռուսական զորքերի հայտնվելը կանխելու համար։
Կարծիքներ