ՀՀ նախագահը Սուրբ Ղազար կղզում ներկա է գտնվել «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը
Իտալիա այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հայկական մշակութային ու հոգևոր արժեքների ժառանգության ամենակարևոր օջախներից մեկում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, մասնակցել է 2021թ․ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը, վեցերորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության ընթացքում, շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան Ջուլիեն Լուսենգեին:
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ մրցանակաբաշխությանը հաջորդած պաշտոնական ընթրիքի ժամանակ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներին՝ նշելով, որ «Ավրորա»-ն մեկնարկից ընդամենը մի քանի տարի անց դարձել է ոչ միայն կարևոր իրադարձություն, այլև՝ կարևոր ինստիտուտ։
«Երախտագիտությունս եմ հայտնում այն անձանց, ովքեր սկսեցին այս գաղափարն ու այն դարձրին մեծ նվաճում։ «Ավրորա»-ի հիմնադրումն արդեն իսկ մեծ նվաճում է,- ասել է նախագահը։ -Ես նաև հպարտ եմ, որ «Ավրորա» շարժումը հիմնադրվել է երեք հայերի՝ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի կողմից։ Իրենց կյանքի ընթացքում նրանք շատ բաների են հասել, սակայն նրանք յուրահատուկ գործ են արել՝ հիմնելով «Ավրորա»-ն»»։
Նախագահ Սարգսյանը խոսել է Վարդան Գրեգորյանի մասին, նշել, որ նա թեև 2021թ․ հեռացավ կյանքից, սակայն նրա ժառանգությունն ապրում է և շարունակելու է ապրել:
Խոսելով մրցանակաբաշխությունը Սուրբ Ղազարում անցկացնելու մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս վայրը մեր ժողովրդի համար կարևոր և խորհրդանշական է։ «Ավելի քան երեք հարյուր տարի առաջ հայերի մի փոքր խումբ օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով հաստատվեց այստեղ՝ առանց որևէ բանի։ Բայց նրանք հայեր էին, վերապրող և ուժեղ, -ասել է Հայաստանի նախագահը։ -Գալով այստեղ՝ նրանք արեցին անհավանականը։ Ինչ-որ առումով, կարելի է ասել, նրանք աշխարհում առաջին «օֆշորային գոտին» ստեղծեցին, որը ծառայում էր ժողովրդին և դա անում էր՝ համախմբելով կրթված մարդկանց, ստեղծելով միջոցներ, զարգացնելով Վենետիկը և միաբանությունը։ Ու դրա արդյունքում այստեղ՝ միաբանությունում մենք ունենք հայկական ձեռագրերի ամենահարուստ հավաքածուներից մեկը և արվեստի բացառիկ նմուշեր»։
Գրքի ու գիտելիքի արժևորումը նախագահ Սարգսյանը համարել է մեր ժողովրդի ամենակարևոր հատկանիշներից մեկը։ Նա նշել է նաև, որ ի հիշատակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի հանրային գրադարանի երկարամյա նախագահ, Կարնեգի բարեգործական կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի՝ Հայաստանի նախագահի նստավայրի սրահներից մեկը կվերածվի գրադարանի և կկրի նրա անունը։
Կարծիքներ