Արման Եղոյանը ԵՄ պատվիրակությանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրադրությունը
Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունվարի 27-ին Ազգային ժողովում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերին և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող ներկայացուցիչ Մարտի Լուցարին:
Ինչպես տեղեկացրին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից, շնորհակալություն հայտնելով տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված ԵՄ ջանքերի համար՝ Արման Եղոյանը բարձր է գնահատել ԵՄ մոնիտորինգային առաքելության աշխատանքը եւ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը:
Հանձնաժողովի նախագահը հյուրերին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված իրադրությունը և տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա դրա հնարավոր հետևանքները:
Անդրադարձ է կատարվել նաեւ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, տարբեր համատեքստերում Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին եւ մի շարք այլ հարցերի:
Կարծիքներ