ԵՄ-ն պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Բելառուսի դեմ
ԵՄ-ի երկրներն առաջարկում են Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը: Պատժամիջոցները, հնարավոր Է, կվերաբերեն Բելառուսի էներգետիկ և ավիացիոն ոլորտներին, կրկնակի նշանակության ապրանքներին, ոսկուն և նավթին։
«Առաջարկվող միջոցառումները ներառում են ռազմական նպատակներով օգտագործվող և երկրի արդյունաբերական ներուժը մեծացնելու ընդունակ կրկնակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների՝ Բելառուս արտահանման արգելք, պատժամիջոցների սահմանում նավթի, ածխի, պողպատի արտադրանքի և ոսկու նկատմամբ», - նշում է Bloomberg-ը:
Բացի այդ, Բրյուսելը դիտարկում Է առևտրային սահմանափակումներ «պերճանքի առարկաների, ներդրումների և որոշակի ծառայությունների մատուցման նկատմամբ», ինչպես նաև «միջոցառումներ, որոնք կարող են հարվածել երկրի ավիացիոն ու էներգետիկ հատվածներին և եկամուտների հանգուցային աղբյուրներին»:
Միևնույն ժամանակ, ինչպես Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների դեպքում, առաջարկվող փաթեթը պարունակում է միջոցառումներ, որոնք բացառում են պատժամիջոցները դեղամիջոցների, գյուղատնտեսական արտադրանքի, սննդամթերքի, ինչպես նաև դրանց հետ կապված ֆինանսական գործառնությունների նկատմամբ։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ առաջարկվող պատժամիջոցների հաստատման համար կպահանջվի ԵՄ բոլոր անդամ պետությունների աջակցությունը։ Բացի այդ, ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի վրա:
Կարծիքներ