Հայաստանը և Բրազիլիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը
Հայաստանը և Բրազիլիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. փետրվարի 17-ին:
Հայաստանը գործընկերային և կառուցողական հարաբերություններ ունի Բրազիլիայի հետ, որն իր ՀՆԱ-ով, ըստ ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի տվյալների, աշխարհի առաջին 10 պետությունների թվում է:
Հայաստանից առաջին բարձր մակարդակի այցը Բրազիլիա տեղի է ունեցել դեռ 1991 թ. դեկտեմբերին, երբ աշխատանքային այցով այդ երկիր է մեկնել ՀՀ արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ արդեն հաջորդ տարի՝ 1992 թ. հունիսին, պաշտոնական այցով Բրազիլիա է այցելել նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Բրազիլիայից ամենաբարձր մակարդակի այցը եղել է 2017 նոյեմբերին, երբ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բրազիլիայի արտգործնախարար Ալոիզիո Նունես Ֆերեյրայի գլխավորած պատվիրակությունը:
1998 թ. մարտից բրազիլական ամենամեծ քաղաքում՝ Սան Պաուլոյում գործում էր ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: 2011 թվականին Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բրազիլիայում հիմնադրվել է ՀՀ դեսպանությունը: Բրազիլիայի դեսպանությունը Հայաստանում գործում է 2006 թ. օգոստոսից:
30 տարվա ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է 8 համաձայնագիր, որոնցից առաջինը 2002 թ. մայիսի 7-ին ստորագրված համաձայնագիրն է Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև մշակութային համագործակցության մասին: Նույն օրը Հայաստանի և Բրազիլիայի նախագահներն ընդունել են համատեղ հայտարարություն:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով 2021 թվականին երկկողմ ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Բրազիլիայի միջև կազմել է մոտ 55 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանից Բրազիլիա է արտահանվում քլորոպրենային կաուչուկ, քիմիական տարբեր ապրանքներ և նյութեր, մետաղյա խողովակներ, իսկ ներմուծվում է միս և մսամթերք, սուրճ, թութուն, քաղցրավենիք և այլ ապրանքատեսակներ:
Բրազիլիայում կա հայ համայնք: Հայերն այս երկրում հաստատվել են դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսից: 1895 թվականին Բրազիլիայում ապրում էր շուրջ 100 հայ: 1948 թվականին, ըստ Եզնիկ քահանա Վարդանյանի «Հայերը Բրազիլիայում» գրքի, բրազիլահայերի թիվն արդեն հասնում էր 20 հազարի: Ընդունված է համարել, որ ներկայում Բրազիլիայում ապրում է 20-25 հազար հայ:
Բրազիլիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 2015 թ. մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած № 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:
Կարծիքներ