Հղի եւ կերակրող կանանց խորհուրդ չի տրվում շատ ֆրուկտոզա օգտագործել
Եթե հղի կամ կրծքով կերակրող կնոջ սննդակարգում ֆրուկտոզա շատ է պարունակվում, դա կարող է բերել նրա օրգանիզմում նյութափոխանակության եւ կրծքի կաթի բաղադրության մեջ բազմաթիվ փոփոխությունների։ Այս ամենը կազդի նաեւ երեխայի մետաբոլիզմի վրա, պնդում են Օտագո համալսարանի գիտնականները։
Հետազոտության ժամանակ գիտնականները էգ ծովախոզուկների սննդակարգի մեջ ֆրուկտոզա են հավելել մինչեւ հղիությունը եւ հղիության ընթացքում, հայտնում է News-medical.net-ը։ Սա երկարաժամկետ եւ զգալի փոփոխություններ է առաջացրել սերունդի արյան եւ մայրերի կաթի մեջ շրջանառվող ազատ ճարպաթթուների ցուցանիշներում։ Ընդ որում՝ սերունդն ինքը ընդհանրապես ֆրուկտոզա չի գործածել։
Փորձի շրջանակում կենդանիների սննդակարգի կալորիականության մինչեւ 16,5 տոկոսը բաժին է ընկել ֆրուկտոզային։ Այսպես կոչված, «արեւմտյան սննդակարգին» հետեւող մարդկանց շրջանում ֆրուկտոզային է բաժին ընկել կալորիաների մոտ 14 տոկոսը։
Ընդ որում՝ ֆրուկտոզայի գործածումից հետո օրգանիզմում մեծանում է ճարպաթթուների սինթեզը։ Գիտնականների խոսքով՝ սա արատավոր շրջան է, որը կարող են պատռել ապագա մայրերը եւ կերակրող կանայք՝ հրաժարվելով ֆրուկտոզայի եւ ռաֆինացված շաքարի առատությունից, որը շատ է պարունակվում գազավորված ըմպելիքներում եւ այլ վնասակար մթերքներում ու ըմպելիքներում։
Կարծիքներ