«Գազպրոմ»-ում տեղյակ չեն Ծովագյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասներից
Այսօր մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Ծովագյուղում հարձակվել են «Գազպրոմ Արմենիա» Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցերի վրա և ծեծի ենթարկել: Ըստ հրապարակման՝ վնասվածքներ են ստացել նաև մի քանի ոստիկաններ, Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանը եւ Սեւանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը։
Հրապարակմանը հաջորդեց ՀՀ Քնչական կոմիտեի հաղորդագրությունը՝ ըստ որի հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով զուգորդված խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:
Միջադեպի մանրամասներն իմանալու համար Freenews.am-ը կապ հաստատեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության բաժնի ներկայացուցչի հետ, ով մեզ հետ զրույցում գործից մանրամասներ չհայտնեց, պարզապես նշեց. «Իրավապահ մարմինների կողմից քննություն է իրականացվում միջադեպի առընչությամբ, հարուցված է քրեական գործ, այլ մանրամասների այս պահին չենք տիրապետում»:
Փորձեցինք կապ հաստատել նաև Ծովագյուղի գյուղապետ Վահրամ Գևորգյանի հետ, ով համառորեն չպատասխանեց մեր զանգերին:
Կարծիքներ