«Փոխել մարդուն, ոչ թե կլիման». ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկա է եղել միջազգային դասընթացների ամփոփմանը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի համագործակցությամբ անցկացված միջազգային դասընթացների շրջանակում սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կրթական քաղաքականությանը նվիրված պանելային քննարկմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նախարարի տեղակալի ներկայությամբ ամփոփվել է սեպտեմբերի 10-ից անցկացված «Աշխատելու հնարավորությունները» խորագրով սեմինար/դասընթացը, որի մասնակիցներն արժանացել են հավաստագրերի: Այնուհետև մեկնարկել է նոր սեմինար/դասընթացը՝ «Փոխել մարդուն, ոչ թե կլիման» խորագրով:
«Մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանը գնալով ավելի տեսանելի է դառնում եվրոպական տարածքում ուսանողների և երիտասարդների միջև արդյունավետ հաղորդակցման, գաղափարների ու մտքերի փոխանակման և արդյունքում հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ լուծումներ առաջարկելու միջազգային միջոցառումների հարթակ տրամադրող երկրների շարքում: Ուրախալի է նշել, որ այս սեմինարների օրակարգը ներառում է մի շարք հետաքրքիր ուղղություններ՝ սերունդների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունից մինչև կրթություն և զբաղվածություն»,- ասել է Ա. Մարտիրոսյանը՝ մասնակիցներին հորդորելով ամրապնդել գիտելիքները, քննարկումներ ծավալել և նախաձեռնողական լինել հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Եզրափակելով իր խոսքը՝ նախարարի տեղակալը հանդիպումը գնահատել է բովանդակային ու կառուցողական և նշել, որ նախարարությունը կաջակցի «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի կողմից իրականացվող ուսանողների փոխանակման և կարողությունների զարգացման աշխատանքներին:
Կարծիքներ